Սյուզի Ղարայան- Ույզիս եմ փախլավա ուտիմ. երբ ասում ենք ուզում եմ, ասում ենք ուզիս եմ...
Սյուզին ներկայացնում է Հադրութի բարբառի առանձնահատկություն «ս» հնչյունն ու հրավիրում իր պատրաստած նրբահամ փախլավան ուտելու: Արդեն մի քանի ամիս է՝ հադրութցի ընտանիքը Երևանում է:
Սյուզի Ղարայան- Սեպտեմբերի 27-ի առավոտյան իմ մեծ տղան արթնացավ ու տեսավ այդ կրակները մեր տան պատուհանից, ինձ հարցրեց՝ էս ինչ ծուխ ա, երբ տեսա հասկացա, որ պատերազմ է:
Զինծառայող ամուսինը դիրքերից զանգով հանգստացրեց, վստահեցրեց, որ լավ է լինելու, բայց խնդրեց որոշ ժամանակով գյուղը լքել: Հարևանի մեքենայով տեղափոխվեցին այլ գյուղ:
Սյուզի Ղարայան- Փոքր օպել էր, ինքը, իր կինը, մայրը, տատիկը, երեք երեխան, եղբոր կինը, եղբոր երեխան, ես ու իմ երկու տղաները, ու...տեղափոխվեցինք Տումի գյուղ:
Մեկ օր անց տեղափոխվեցին Երևան: Անծանոթ ու մեծ քաղաքում որոշեցին 18 հոգով մեկ տան մեջ ապրել, բայց այդ օրերին տուն գտնելը մեծ խնդիր էր: Օգնեցին բարի մարդիկ՝ տունը տասը երեխայով մեծ ընտանիքին տրամադրելով անժամկետ:
Սյուզի Ղարայան- Չէի հավատում, համ հեռախոսով խոսում էի, համ ուրախությունից արտասվում, չգիտեի՝ ինչ անել:
Չգիտեր, բայց արագ կողմնորոշվեց, Հադրութի Ուխտասար համայնքում երեխաներին Հայոց լեզու ու գրականություն դասավանդող Սյուզի Ղարայանը սկսեց տանը փախլավա թխել, վաճառել ու դրանով մի քիչ գումար վաստակել:
Լրատվական դաշտում աշխատող ծանոթներից մեկի գովազդելուց հետո շատերն են սկսել պատվիրել ուսուցիչ-խոհարարի պատրաստածը: Քանի որ առջևում Ամանոր է, իսկ Հադրութի փախլավան ավելի մատչելի է և շատ համեղ, օրական ստացվող պատվերների քանակն ավելացել է:
Սյուզի Ղարայան- Մայրիկիցս եմ սովորել փախլավա թխել, հետո արդեն կամաց-կամաց քոնն ես ստեղծում....
Շատ թխվածքներ կարող են պատրաստել, բայց քանի որ տունը փոքր է, իսկ երեխաները՝ շատ, հեշտ էր փախլավայի պատրաստումը: Ամուսնու քույրը՝ Գրետա Ղասումյանը, օգնում է ինչով կարողանա: Նա էլ է մանկավարժ: Ավագ տղան ընդամենը մի քանի օր հասցրեց առաջին դասարան գնալ:
Գրետա Ղասումյան- Տղաս դպրոց գնաց՝ առաջին դասարան, բայց ազերիները չթողեցին, որ երեխաս տառաճանաչ դառնա:
Ասում են՝ նստել ու ինչ-որ մեկի օգնությանը սպասել չեն կարող. ամուսիններն արդեն տաքսի են վարում, սկեսույրը ժինգյալով հաց է թխում ու վաճառում: Սյուզին Երևանում մատնահարդարում է սովորել: Բայց հաճախ է պատկերացնում, թե ինչպես է Ուխտասար վերադառնում, կրկին դաս անում դասղեկական դասարանի հետ:
Սյուզի Ղարայան- Երբ իմացանք, որ գյուղն էլ չկա, զանգել էի, ես էստեղ էի լացում, իրանք էնտեղ:
Չգիտեն՝ Արցախ կվերադառնան թե ոչ, հոգեբանական դժվարություններ կան, որ դեռ չեն հաղթահարել:
Սյուզի Ղարայան- Հասնես Ղարաբաղ ու իմանաս, որ մի քիչ այն կողմ քո տուննա, քո գյուղնա ու չգնաս, շատ դժվար է:
Մինչև իրենք պատրաստում են՝ կողքի սենյակում լռություն է: 6 երեխան անուշեղեն պատրաստող մայրիկներին շեղել ու խանգարել չեն ուզում: 12 տարեկան Գառնիկը Սյուզիի ավագ որդին է, նոր դպրոցում դեռ չի հարմարվել, Ուխտասարն է կարոտում:
Գառնիկ Ղարայան- Էնտեղ ընկերներ կային, գնում էինք խաղում, դաս անում, ըտենց...
5-րդ դասարանում սովորող Արտիկն էլ չգիտի, թե այստեղ ինչը այն չէ, բայց հաստատ Հադրութին չի հասնի:
Արտիկ Ղարայան- Այ էնտեղ ի՞նչ կար, որ ստեղ չկա-: -Չգիտեմ- (արտասվում է):
Արդեն որոշել են, թե ինչ են դառնալու, երբ մեծանան: Փոքրիկ Գրիգորը բժիշկ, որ երեխաների ատամներն անցավ քաշի, Միլենան, ինչպես ինքն է ասում, սալդատ, Արտիկը՝ քննիչ, իսկ Գառնիկը՝
Գառնիկ Ղարայան- Ես ռազմական էի ուզում գնալ, բայց մաման չի թողնում...
Երեխաներն այս տարի Ձմեռ պապիկին նամակ չեն գրել, Ամանորի միակ երազանքը տուն վերադառնալն է: Եթե տոներից հետո փախլավաները լավ չվաճառվեն, չեն վհատվի, Սյուզին կզբաղվի մատնահարդարությամբ, մի քանի օր առաջ ստացել է սերտիֆիկատը: