ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Պետրոս Ղազարյանի հետ
հարցազրույցի ընթացքում անդրադարձել է հարցին, թե ինչու է ցանկանում խորհրդակցել քաղաքական ուժերի հետ:
Վարչապետն ասել է.
«Առաջին հերթին խոսքը խորհրդակցությունների մասին է: Այսօրվա մեր օրենսդրությամբ արտահերթ խորհրդարանական ընտրությունների միայն մի մեխանիզմ կա: Վարչապետը հրաժարական է տալիս, խորհրդարանը երկու անգամ վարչապետ չի ընտրում, դա նշանակում է՝ արտահերթ խորհրդարանական ընտրություններ: Սրա համար պետք է համաձայնություն ձեռք բերել խորհրդարանական ուժերի հետ: Կա այլ տարբերակ՝ մենք Սահմանադրության փոփոխություն ենք իրականացնում, և խորհրդարանը ստանում է ինքնալուծարման ու արտահերթ խորհրդարանական ընտրություններ նշանակելու լիազորություն: Ինչո՞ւ եմ խորհրդակցությունների հրավիրում: Կարևոր է, որ այդ որոշումը լինի ոչ թե կառավարության կամ խորհրդարանական մեծամասնության որոշմամբ, այլ դրա շուրջ որոշակի ըմբռնում ձեռք բերելով»:
Ընդդիմության փաստարկներին, թե երկրում անկայունություն է, պատերազմում պարտվել ենք, և հասարակությունը պահանջում է վարչապետի հրաժարականը, ի պատասխան՝ վարչապետը նշել է.
«Դուք ինքներդ նշեցիք, որ մարդիկ բաժանվում են համակրողների և չհամակրողների, և, հետևաբար, կան մարդիկ, ովքեր պահանջում են, որ հրաժարական տամ, կան մարդիկ, ովքեր պահանջում են, որ հրաժարական չտամ: Իմ հարցը հետևյալն է՝ ինչո՞ւ ենք մենք ելնում այն կանխավարկածից, որ այդ մարդկանց մի մասի ձայնը պետք է լսվի, մյուս հատվածի ձայնը չպետք է լսվի: Ես առաջարկում եմ մեխանիզմ, որով կլսվի բոլորի ձայնը, և այդ ձայների հարաբերակցությունը լինի կշռելի և չափելի:
Ըստ էության, սա հանրային համերաշխություն ձևավորելու մի մեխանիզմ է: Բանավեճը հետևյալը չէ՝ ո՞վ պետք է որոշի իշխանության ճակատագիրը: Իմ և ՀՀ Սահմանադրությամբ նախանշված կանխավարկածն այն է, որ իշխանության ճակատագիրը պետք է որոշի ժողովուրդը»: