Գերմանիան որոշել է առաջինը պատվաստել տարեցներին: Երեկ Սաքսոնիա-Անհալտ երկրամասում գործող տարեցների խնամքի կենտրոնում ապրող 101-ամյա բնակիչը դարձել է Գերմանիայի առաջին պատվաստվածը: Դաշնային Հանրապետությունը ստացել է «Ֆայզեր» և «Բիոնտեք» ընկերությունների համատեղ արտադրած պատվաստանյութը: Այսօր նախատեսվում է Գերմանիայի համապետական պատվաստման մեկնարկը: Գերմանիայից բացի, դեկտեմբերի 27-ից պատվաստումներ են սկսվելու Եվրամիության գրեթե բոլոր երկրներում:
ԱՄՆ Ռոկֆորդ քաղաքում երեք մարդ է մահացել հրաձգության ժամանակ: Եվս երեքին տեղափոխել են հիվանդանոց: Տեղի լրատվամիջոցները հայտնել են, որ պատահարի համար կասկածվող անձին դեռ որոնում են, և հրաձգության մեջ ոստիկանները ներգրավված չեն եղել:
Ռուսաստանի խաղաղապահները շարունակում են Արցախի տարածքի ականազերծումը: Մաքրվել է 10.7 հա տարածք, 9.3 կմ ճանապարհ, ստուգվել է 35 շենք, նախօրեին հայտնաբերվել և ոչնչացվել է 2237 պայթյունավտանգ առարկա: Ընդհանուր առմամբ, Արցախում նոյեմբերի 23-ից մինչև հիմա վնասազերծվել է 11310 պայթյունավտանգ առարկա: Իսկ ՌԴ ԱԻ նախարարության սակրավորները դեկտեմբերի 8-ից մինչև հիմա հայտնաբերել և վնասազերծել են 10 հազարից ավելի պայթյունավտանգ առարկա: Ռուս բժիշկների բրիգադը Կաղարծի գյուղում ամբուլատոր և պոլիկլինիկական օգնություն է ցուցաբերել 24 բնակչի, այդ թվում՝ 4 երեխայի: Ընդհանուր առմամբ, ռուս ռազմական բժիշկները օգնություն են ցուցաբերել Արցախի 926 բնակչի, այդ թվում՝ 119 երեխայի: