«Հայփոստ» ՓԲ ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Հայկ Կարապետյանի ֆեյսբուքյան էջում հրապարակված՝ «Հայփոստի» շենքի վերակառուցման նախագիծը հաստատված չէ քաղաքային իշխանության կողմից: Այդ մասին Ֆեյսբուքի էջում գրել է Երևանի քաղաքապետարանի խոսնակ Հակոբ Կարապետյանը:
««Հայփոստի» ներկայացուցիչների և քաղաքապետ Հայկ Մարությանի միջև նախագծի վերաբերյալ քննարկում է տեղի ունեցել այս տարվա սեպտեմբերի 17-ին: Այնուհետև նախագիծը քննարկվել է քաղաքապետին կից քաղաքաշինական խորհրդում, որտեղ նկարում երևացող էսքիզը, ըստ էության, չի հաստատվել: Հասկանալի է, որ նախագիծը չի ստացել նաև ճարտարապետա-հատակագծային առաջադրանք և շինթույլտվություն:
Պետական սեփականություն հանդիսացող «Հայփոստի» գլխավոր մասնաշենքի վերաբերյալ ծրագրերը հետագա քննարկման առարկա են»,- գրել է Կարապետյանը: