«Ալյանսի» անդամներն արտահերթ համագումարի են հավաքվել՝ լուծումներ առաջարկելու հետպատերազմական Հայաստանի համար: Զոհերի հիշատակը մեկ րոպե լռությամբ հարգելուց հետո Տիգրան Ուրիխանյանը հայտարարեց. համատարած մատուցվող սուտը քայքայել է մեր տնտեսությունը, հանգեցրել կորոնամահերի, ռազմական գործություններում էլ՝ բերել կործանման: Փոսից դուրս գալու համար, ասաց՝ տագնապի վրա հիմնված երեք կետ են առաջ քաշում:
Տիգրան Ուրիխանյան (Ալյանս» առաջադիմական ցենտրիստական կուսակցության նախագահ) - Շտապ, օր առաջ՝ կառավարության հրաժարական, նոր որակի իշխանության ձևավորում:
Ըստ Ուրիխանյանի՝ Փաշինյանի կառավարությունը կարող է հեռանալ, ինչպես 2018-ին եղավ՝ առանց ընտրության: Այդ դեպքում նախկինները հետ կգան կանխատեսումը կեղծ է համարում: Նոր իշխանության ձևավորումը կապում է, ինչու ոչ՝ իրենց կուսակցության սերուցքի հետ: Լուծումների երրորդ կետով առաջարկում ձևավորել քաղաքական նոր պլատֆորմ:
Տիգրան Ուրիխանյան - Եվ ձևավորել ՌԴ-ի և ՀԱՊԿ-ի հիմքի վրա նոր ձևաչափի միութենական պետական միավորման վերաբերյալ... Այո՛, մենք տեսնում ենք այնպիսի նոր միութենական ձևաչափ, որի սահմանները պետք է պահպանվեն միասնաբար՝ Ռուսաստանի հետ միասին:
Հարցը, թե՝ «մտնում ենք Ռուսաստանի կազմի մե՞ջ»՝ Ուրիխանյանը կենցաղային անգրագիտություն է որակում: Օրինակ բերում Գերմանիայից Լեհաստան 27 պետություն միավորող Եվրամիությունը: Պնդում, որ նույն արժույթով, համատեղ բանակ ու տնտեսություն ունենալու մոդելից Հայաստանի ինքնիշխանությունը չի տուժի: Իսկ ռազմավարական մեր գործընկե՞րն ինչ կասի:
Տիգրան Ուրիխանյան - Քանի դեռ Հայաստանը տիրապետում է տարածաշրջանի բանալիներին, պետք է բանակցային սեղանին դնենք դրա պահպանման և ամրապնդման խնդիրը:
Հայաստանը փոսից հանելու իրենց լուծումն առաջ տանելիս, ըստ Ուրիխանյանի, խորհրդարանական ճանապարհ անցած քաղաքական ուժի հետ չեն միավորվի: Պետք լինի՝ հետո առանձին հանրահավաքներ կանեն: «Ալյանսում» վստահ են՝ եկել է ասեղի ծայրի ճշտությամբ դիվանագիտություն վարելու ժամանակը: