Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը մարզաձևի աշխարհի անհատական գավաթի խաղարկությունում 3 մեդալ ունեցավ՝ ոսկե, արծաթե և և բրոնզե: Հետաքրքիր պատահականությամբ՝ բոլոր մեդալակիրներն էլ Արարատի մարզից են: Ավելին, Վազգեն Թևանյանն ու Արմեն Անդրեասյանը ներկայացնում են Ռազմիկ Գոլեցյանի անվան ըմբշամարտի օլիմպիական հերթափոխի մարզադպրոցը:
Ազատ ոճում հանդես եկող Վազգեն Թևանյանն ըմբշամարտով սկսել է զբաղվել 9 տարեկանից: Վազգենը Եվրոպայի Մ-23 տարեկանների չեմպիոն է: 12 տարվա տքնաջան մարզումների ու մրցաշարերի առայժմ ամենաարժեքավորը մրցանակն օրեր առաջ Բելգրադում՝ աշխարհի անհատական գավաթի խաղարկությունում նվաճած ոսկե մեդալն է. 5 գոտեմարտ 5 հաղթանակ, ընդհանուր հաշիվը՝ 43-3: Վազգենը գոտեմարտերից առանձնացնում է կիսաեզրափակչում Ուկրաինան ներկայացնող Գոռ Հովհաննիսյանի հետ դիմակայությունը:
Եզրափակչում, երբ հաշիվը 1-1 էր, առավելությունը մրցակցինն էր ու մնացել էր 1 րոպեից քիչ ժամանակ, Թևանյանը հավատացել է, որ կարող է հաղթել: Անձնական մարզիչ Ռաֆիկ Գոլեցյանը վստահ է եղել, որ իր սանն իրեն՝ որպես անձնական մարզիչ, մեծահասակների առաջնություններում առաջին մեդալն է պարգևելու:
Թևանյանի գլխավոր նպատակն այժմ Օլիմպիական խաղերի ուղեգիր նվաճելն է. 2021թ. սպասվում է վարկանշային 2 մրցաշար: Սովորաբար գորգ մտնելիս Վազգենը գերվստահ տեսք է ունենում, որը փոխանցվում է նաև հեռուստաէկրանից այս կողմ: Ինչպես նշում է հայ ըմբիշը, փորձում է միայն կենտրոնանալ, հավաքվել ու չմտածել հաղթանակի մասին, քանի որ դա լարվածություն է առաջացնում: Հույսով ու հավատով՝ Տոկիո-2020-ի հետագծով: