Հայ հեղափոխական դաշնակցությունը չի ընդունելու վարչապետի հրավերը՝ մասնակցելու 2021-ին արտահերթ ընտրություններ անցկացնելու հարցով խորհրդակցություններին։ Փաշինյանի երեկվա գրառումից հետո «Հայրենիքի փրկության շարժումը» ձևավորած կուսակցությունները դեռ ընդհանուր հայտարարություն չեն տարածել, բայց դաշնակցական Լիլիթ Գալստյանը կարծում է՝ մյուս 15 արտախորհրդարանական ուժերն էլ գործող իշխանության հետ քննարկման չեն գնա։
Լիլիթ Գալստյան, ՀՅԴ ԳՄ անդամ - Մենք այդ թեմայով խորհրդակցելու բան չունենք, մեկ օրակարգ կա՝ պաշտոնից նրա հրաժարականը:
ՀՅԴ գերագույն մարմնի անդամը վստահ է, եթե չլիներ «Հայրենիքի փրկության շարժման» ճնշումը, արտահերթ ընտրությունների թեման չէր հայտնվի Փաշինյանի օրակարգում։ Մինչդեռ վարչապետն արտահերթի հարցը չէր կապել ընդդիմադիրների պահաջի հետ, շեշտել էր, թեև ընդդիմությունը տիրապետում է ֆինանսական, լրատվական, կազմակերպչական ահռելի միջոցների, ունեցել է հանրահավաքներ և բողոքի ակցիաներ կազմակերպելու լայն հնարավորություններ, բայց ոչ միայն չի կարողացել ժողովրդական աջակցություն ապահովել, այլև նրանց աջակիցների թիվը հասել է նվազագույնի, հրապարակի գործընթացը հասել է մարման։ Դաշնակցությունից հակադարձում են՝ պատերազմում պարտված անձը ժողովրդի անունից խոսելու բարոյական իրավունք չունի։
Լիլիթ Գալստյան - Փաշինյանը տապալեց մեր իրականությունը՝ 5000 զոհ, կապիտուլյացիոն համաձայնագիր, 10 000 խեղված, հայրենիքի 1/4 կորուստը. սրանք այն քաղաքական գնահատականներևն են, որոնց համար Փաշինյանը պիտի պատասխանատվության ենթարկվիէ իրավական և քաղաքական և պիտի բարոյական իրավունք չունենա արտահերթի մասին խոսելու։
Փաշինյանի հրավերն, առաջին հերթին, խորհդարական ուժերին էր ուղղված։ Գնալ քննարկման, թե՞ ոչ, «Լուսավոր Հայաստանում» առայժմ չեն որոշել, հարցը խորհրդում պետք է քննարկվի՝ փոխանցեց Գևորգ Գորգիսյանը։ Խմբակցության քարտուղարի խոսքով, սակայն, Փաշինյանի գլխավորած ուժը չի կարող կազմակերպել արտահերթ ընտրություններ, դրա համար պետք է կազմվի ժամանակավոր կառավարություն, երկրում կայունություն հաստատվի ու միայն դրանից հետո խոսվի նոր ընտրությամբ նոր խորհրդարան ձևավորելու մասին՝ պնդեց ընդդիմադիր պատգամավորը։
Գորգիսյանը հիշեցրեց՝ վարչապետի իրենց թեկնածուն Էդմոն Մարուքյանն է, և նա էլ կարող է կազմակերպել բոլորի համար հավասար պայմաններով արտահերթ ընտրություններ՝ երաշխավորելով քաղաքացիների ազատ կամարտահայտման իրավունքը։
Խորհրդարանական՝ մեծությամբ երկրորդ ուժի՝ «Բարգավաճ Հայաստանի» կարծիքն այսօր ճշտել չհաջողվեց, խմբակցության պատգամավորներն օրվա ընթացքում «Լուրերի» զանգերն անպատասխան թողեցին։ Օրենսդիրից «Հայրենիքի փրկության շարժմանը» միացած միակ ուժը ԲՀԿ-ն է, շարժումն, ի դեպ, կողմ է արտահերթի անցկացմանը, բայց իրենց ժամանակավոր կառավարության ու իրենց վարչապետի թեկնածուով։ Դաշնակցությունից ասում են՝ ընդդիմությունն այդ գործը Փաշինյանին չի վստահի։
Գալստյանից հետաքրքրվեցինք, իսկ ինչո՞ւ քաղաքացիները պետք է վստահեն իրենց կազմակերպած ընտրությանը։ Հիշեցրինք՝ 17 ուժերի մեջ նաև նախկին ՀՀԿ-ն է ընդգրկված, որի հետ նախ 2008-ի մարտի 1-ի դեպքերից հետո ՀՅԴ-ն մեկ տարով կոալիցիա կազմեց, հետո նաև իշխանության մաս դարձավ 2017-ի մայիսին։
Դաշնակցության անդամն արձագանքում է՝ Հայաստանը հնի ու նորի բաժանել պետք չէ ու նշում՝ ՀՅԴ-ն այն ուժն է, որը տարիներ շարունակ հայտարարել է, իր բնորոշմամբ, խեղված ընտրությունների մասին։ Դրանք որակելով խմբագրելի սխալներ՝ Գալստյանը հույս է հայտնում, որ ապագա ընտրությանն ընդդիմադիր ուժերը կունենան քաղաքական կամք ու պատասխանատվություն և վեր կդասեն ազգային ու պետական շահը: