Շուշեցի Գաբրիելյանների ընտանիքն Ամանորը կանցկացնի Դիլիջանում: Ժամանակավորապես այստեղ են հաստատվել, սակայն չեն կորցնում հույսը, որ վերադառնալու են ծննդավայր, որ օրինական տանտիրոջ իրավունքով ապրելու են հայկական Շուշիում:
Ամանորի սպասումը մտել է նաև պատանի Արտակի ցուրտ արհեստանոց՝ իր հատուկ նախշերով, փայտաշեն փոքրիկ տոնածառով։ Ամենը երեք օրում է պատրաստել։ Նոր միջավայրին օգնում է հարմարվել հին զբաղմունքը, նաև այն, որ իր համար Շուշին նման է Դիլիջանին։ Փայտե հետաքրքիր իրեր պատրաստելու և վաճառելու գործը ձեռնարկել էին Շուշիում` երեք ընկերով, և արդեն հաջողությունը կարծես թե սկսել էր ժպտալ, բայց պատրերազմն ընդհատեց գործը։ Ընտանիքը մեկ ամիս է՝ ապաստան է գտել Դիլիջանում։ Ամեն ինչ թողել են Շուշիում, նույնիսկ` գործիքները։ Երկար չտխրեց, այն պահից ի վեր, երբ «Նորշինը» նոր գործիքներ նվիրեց Արտակին, օրն այստեղ է անցկացնում.
Արտակ Գաբրիելյան - Ամեն օր իջնում եմ դասերից հետո, կիրակի օրերին առավոտից մինչև իրիկուն էստեղ եմ:
Փայտն առաջին անգամ ձեռքն է առել 8 տարեկանում, սովորել ավագ եղբորից, հետո նրան գերազանցել։ Ուզում է լավ կահույքագործ դառնալ, իսկ պատրաստածը մտադիր է վաճառել, ընտանիքին օգնել։ Արդեն հետաքրքրվողներ կան։
Եղբայրը` Տիգրանը, թեև հաճախ չի մտնում իրենց շենքի նկուղային այս հարկը, բայց որոշ գործեր հասցրել է անել։ Նաև քաղաքի երիտասարդական սրճարաններից մեկում մատուցող է աշխատում։ Շուշիի տեխնոլոգիական քոլեջում ուսումը կիսատ է մնացել, այնտեղի թատրոնում նաև դերասան էր, բայց հիմա ուրախ է ընտանիքի հոգսը թեթևացնելու այս հնարավորության համար.
Տիգրան Գաբրիելյան - Մեր տանը ոչ ոք չի աշխատում, մենք էլ պիտի մի բան անենք, հնարավորություն կա` աշխատում ենք:
Գաբրիելյանների ընտանիքում դեռ չեն շտապում ապագայի ծրագրերից խոսել։ Նոր տարին այստեղ կդիմավորեն։ Հեշտ չէ ամեն ինչ նորից սկսել: Արթուրը շինարար է, Արցախում եկեղեցիներ է նորոգել։ Պատերազմի առաջին օրից դիրքերում է եղել։ Չնայած ծանր օրերին՝ ժպիտը վերադարձել է այս ընտանիք, տանտերը վստահ է` կյանքը միշտ հաղթում է։