ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանն այցելել է Երևանի թիվ 1 տուն-ինտերնատ, որտեղ այս պահին, տեղի բնակիչներից բացի, ապրում են նաև Արցախից տեղափոխված տարեցներ։
Նախարարը ծանոթացել է տուն-ինտերնատի բնակիչների համար ստեղծված հնարավորություններին՝ առանձնակի ուշադրություն դարձնելով շենքային պայմանների մատչելիությանն ու հարմարավետությանը, սենյակների ջեռուցմանը:
Շրջայցի ընթացքում նախարարը շփվել է տարեցների հետ, լսել նրանց հուզող հարցերը:
Մեսրոպ Առաքելյանը խոսել է նաև առաջիկա անելիքների մասին՝ շեշտելով, որ բացի հարմարեցման աշխատանքներից, առաջնային նպատակ է ինտերնատի տարածքում տարեցների զբաղվածությունն ապահովելն ու առողջ ծերություն երաշխավորելը:
Նախարարն առողջություն և խաղաղ տարի է մաղթել տուն-ինտերնատի բնակիչներին՝ վստահեցնելով, որ վերջիններիս վերաբերող հարցերն իր ուշադրության կենտրոնում են. արվելու է ամեն հնարավորը, որպեսզի յուրաքանչյուրն անհատապես զգա պետության լիարժեք հոգածությունն և խնամքը: