ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԻ ՆՈՐ ՏԵՍԱԿԻ ԱՌԱՋԻՆ ԴԵՊՔԸ ՖՐԱՆՍԻԱՅՈՒՄ
Առողջապահության համաշխարհային կազմակեպությունը հայտարարել է, որ կորոնավիրուսի նոր մուտացիան հայտնաբերվել է եվրոպական ութ երկրում: Նոր մուտացիան, հավանաբար, ավելի արագ է տարածվում երիտասարդների շրջանում: Ֆրանսիան էլ հայտարարել է, որ երկրում հաստատվել է նոր տեսակի առաջին դեպքը: Ֆրանսիայի առողջապահության նախարարությունը հայտնել է, որ ֆրանսիացին ժամանել էր Լոնդոնից: Ֆրանսիայում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 2.5 միլիոնը: Ցուցանիշը 1 օրում ավելացել է ավելի քան 20 հազարով: Քովիդ-19-ի հետևանքով Ֆրանսիայում մահացել է ավելի քան 62 հազար մարդ:
ԱՎՍՏՐԻԱՅՈՒՄ ԴԱՐՁՅԱԼ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐ ԵՆ
Կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակում Ավստրիայում այսօրվանից ուժի մեջ է մտնում երրորդ լոքդաունը։ Ավստրիայի կանցլերը նշել է, որ այս ճանապարհով միայն հնարավոր կլինի ամռանը վերադառնալ կյանքի բնականոն հուն: Սեբաստիան Կուրցը հավելել է, որ սահմանափակումների նպատակը մինչև զանգվածային պատվաստումները սկսելը վարակման դեպքերի թիվը նվազեցնելն է:
ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍՆ ԻՏԱԼԻԱՅՈՒՄ
Իսկ Իտալիայում կորոնավիրուսի աճող թվերի ֆոնին հիվանդանոցները սկսել են ծանրաբեռնված աշխատել: Սուրբ Ծննդյան տոներին մի խումբ կամավորներ փորձել են նաև կորոնավիրուսով հիվանդների օրը տոնական դարձնել և Սուրբծննդյան ընթրիք են հյուրասիրել նրանց:
ՏՈՆԱԿԱՆ ՄԱՂԹԱՆՔՆԵՐ՝ ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԻ ՕՐԵՐԻՆ
Կորոնավիրուսը, իր ազդեցությունը թողնելով աշխարհի գրեթե բոլոր երկրների տարբեր ոլորտների վրա, իր ներկայությունն է ունեցել նաև աշխարհի առաջնորդների Սուրբծննդյան շնորհավորանքներում: ԱՄՆ նորընտիր նախագահ Ջո Բայդենը և իր կինը խոսել են կորոնավիրուսի հետևանքների մասին՝ ընդգծելով, որ դրանք չափազանց ծանր դարձրին ամերիկացիների համար անցնող 2020-ը: Ուղերձում նրանք շնորհակալություն են հայտնել բժիշկներին՝ ևս մեկ անգամ ամերիկացիներին կոչ անելով հրաժարվել ուղևորություններից և մեծ ընտանեկան հավաքույթներից։
ԱՄՆ նորընտիր նախագահ Ջո Բայդեն - Այս տարին չափազանց ծանր էր շատ ամերիկացիների համար։ Մեր բազմաթիվ համաքաղաքացիներ հնարավորություն չունեն աշխատանք գտնել, կերակրել ընտանիքին, վճարել բնակարանի վարձը կամ հիփոթեքը։ Բայց մենք պետք է հիշենք` մեր ընդհանուր խնդիրն է հոգ տանել միմյանց մասին:
Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ Երկրորդն ամենամյա Սուրբծննդյան ուղերձի ժամանակ նշել է, որ դեկտեմբերի 25-ը մարդկանց մի մասը տխրությամբ ու թախիծով է դիմավորում, քանի որ անցնող տարին կորստի կամ հարազատներից հեռու ապրելու բազմաթիվ պատճառներ ստեղծեց: Թագուհին, սակայն, նկատել է, որ մարդկանց միմյանցից հեռու գտնվել ստիպած տարին որոշ առումով նաև մտերմացրել է ընտանիքներին:
Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ Երկրորդ - Հատկանշական է, որ տարին մեզ շատ առումներով մերձեցրել է: Ինձ և ընտանիքիս անդամներին ոգեշնչել են Թագավորության տարբեր անկյուններից մարդկանց պատմությունները, որոնք օգնել են կարիքավորներին և զբաղվել կամավորությամբ: Միացյալ Թագավորությունում և ամբողջ աշխարհում մարդիկ արժանապատվորեն արձագանքել են մարտահրավերներին, որոնք բերել է այս տարին: Ես հպարտանում եմ նրանցով և զգացված եմ նրանց հանգիստ վճռականությամբ: Առանձին ես ցանկանում եմ շնորհակալություն հայտնել մեր երիտասարդությանը: