Ադրբեջանում պահվող գերիների վերադարձի կոնկրետ ժամկետ չկա, բայց վերադարձի գործընթացն անխուսափելի է: Մարդու իրավունքների եվրոպական դատարանում գերիների շահերի ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանն առաջին հերթին ընդգծում է Ադրբեջանի հսկողության տակ արդեն տևական ժամանակ գտնվող մարդկանց անձնական ազատության իրավունքի խնդիրը:
Սիրանուշ Սահակյան (ՄԻԵԴ-ում գերիների շահերի ներկայացուցիչ) - Սպասում ունենք, որ գործընթացը շատ չի ուշանա: Իհարկե դրա մեջ կա նաև քաղաքական տարրը, բանակցություններ են լինում, որոշակի ներգրավվածություն ունեն Ռուսաստանը, միջազգային կառույցները, ուստի ժամկետ կոնկրետ նշել չենք կարող, կախված է որոշ գործոններից:
Եվրադատարանը 80 գործով կիրառել է անհապաղ միջոց: Խծաբերդում գերեվարման գործով տեղեկության տրամադրման վերջնաժամկետը դեկտեմբերի 28-ն է: Որոշ գործերով Ադրբեջանը ՄԻԵԴ-ին գերիների վերաբերյալ ներկայացրել է տեղեկություններ, առնվազն 4 անձի վերաբերյալ նաև բժշկական տվյալներ:
Սիրանուշ Սահակյան - Մեր հաշվարկով հաստատված` անհերքելի դեպքերը գերեվարման և չվերադարձված անձանց, գերազանցում է 100-ը, և, ըստ էության, առնվազն 100 անձ, ենթադրում ենք, որ բարեխիղճ գործելակերպի պարագայում հաջորդող վերադարձման գործընթացի մաս կդառնա:
Կան անհերքելի ապացույցներով Ադրբեջանի կողմից դեռևս չհաստատված դեպքեր: Այդ ուղղությամբ իրականացվում են աշխատանքներ: Անհերքելի ապացույցներից են հայ զինծառայող Էրիկ Խաչատրյանի գերեվարման ադրբեջանական տեսանյութերը:
Սիրանուշ Սահակյան - Ադրբեջանը պաշտոնապես այդ և մի շարք այլ հիմնավոր գործերով հաստատումներ չի տվել, դա գործընթաց է, և մենք չենք բացառում, որ պաշտոնական հաստատման և վերադարձման ժամանակը սեղմ լինի:
ՄԻԵԴ-ում գերիների շահերի ներկայացուցիչները հարցազրույց են ունեցել Ադրբեջանից վերադարձած քաղաքացիների հետ: Համոզվել են, որ գերիների նկատմամբ անմարդկային վերաբերմունքն Ադրբեջանի իշխանության գործելաոճի մաս են: Նոր տեղեկություններ են ստացել նաև անհետ կորած որոշ անձանց ճակատագրի վերաբերյալ: