ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրաժարվել է ստորագրել համավարակի հաղթահարման համար նախատեսված 2.3 տրիլիոն դոլար արժողությամբ փաթեթի օրինագիծը, որի պատճառով միլիոնավոր ամերիկացիներ կզրկվեն գործազրկության նպաստից: Այս մասին տեղեկացնում է Reuters լրատվական գործակալությունը:
Սպիտակ տան ղեկավարն իր քայլը բացատրել է նրանով, որ փաթեթը չի նախատեսում օգնություն բոլոր ամերիկացիներին:
Առանց Թրամփի ստորագրության, ինչի շնորհիվ օրինագիծը պետք է օրենք դառնար, մոտ 14 մլն քաղաքացի կկորցնի իր լրացուցիչ նպաստը:
ԱՄՆ նախագահը դժգոհել էր օրենսդիրների ներկայացրած փաթեթից, որն աջակցության նպատակով մեծ գումարներ է ենթադրում բազմաթիվ, այդ թվում՝ մշակութային նախագծերին, մինչդեռ ամերիկացիներին հատկացվում է ընդամենը 600 դոլար, ինչը շատ փոքր օգնություն է: Դոնալդ Թրամփը պահանջել է, որ նպաստի գումարը հասցվի մինչև 2000 դոլարի: