Թուրքիայի նախկին արտգործնախարար և ՄԱԿ-ում Թուրքիայի նախկին ներկայացուցիչ Յաշար Յակիշն անդրադարձել է արաբական երկրներում Թուրքիայի քաղաքականության սխալներին: Այս մասին գրում է Lenta.ru կայքը:
Թուրք նախկին քաղաքական գործիչը, մասնավորապես, խոսել է Սիրիայում և Լիբանանում Թուրքիայի իշխանությունների կատարած սխալների մասին: Նրա խոսքով՝ այս երկրներն օսմանյան ժամանակաշրջանը վատագույնն են համարում իրենց պատմության ընթացքում:
«Միշտ համարել եմ, որ Թուրքիայի քաղաքականությունը Սիրիայում սխալ է եղել: Մենք հայտարարում ենք, թե խաղաղություն, արդարություն ենք բերել այնտեղ, սակայն Սիրիայի ու Լիբանանի դասագրքերում գրված է, որ Սիրիայի ու Լիբանանի պատմության ամենամութ ժամանակաշրջանը եղել է օսմանյան շրջանը»,- ընդգծել է Յակիշը:
Նա հիշեցրել է նաև, որ Թուրքիայի նախկին նախագահ Քեմալ Աթաթուրքն իր դիվանագետներին պատժում էր արաբական երկրների միջև հակամարտություններին միջամտելու համար: Յակիշի հավաստմամբ՝ Թուրքիայի նախկին նախագահի առաջարկներն այժմ արդիական են, սակայն Անկարան չի հետևում դրանց և պաշտպանում է հակամարտող կողմերից մեկին:
Թուրքիայի նախկին արտգործնախարարը միաժամանակ բացատրել է Թուրքիայի՝ Եվրամիությանն անդամակցելու բարդությունը: Նրա խոսքով՝ պատճառը եվրոպացիների նախապաշարմունքն է, ինչպես նաև երկրում օրենքների փոփոխության դժվարությունները: