Եվրամիությունն Անկարային զգուշացրել է, որ լրագրող Ջան Դյունդարի՝ երկար տարիներով ազատազրկման խիստ դատավճիռը ոտնահարում է երկրում մարդու իրավունքներն ու վնասում Անկարա-Բրյուսել հարաբերությունները: Թուրքիայի դատարանը թուրքական Cumhuriyet պարբերականի նախկին խմբագիր Ջան Դյունդարին դատապարտել էր ավելի քան 27 տարվա ազատազրկման՝ լրտեսության ու ահաբեկչության մեղադրանքով: Նա Գերմանիա էր մեկնել 2016-ին` Թուրքիայում տեղի ունեցած ռազմական հեղաշրջման անհաջող փորձից հետո:
***
Վրաստանի խորհրդարանը միաձայն հավանության է արժանացրել երկրի՝ ԵՄ-ին և ՆԱՏՕ-ին անդամակցելու ձգտման բանաձևի նախագիծը: Բանաձևում ասվում է, որ Վրաստանի արտաքին քաղաքականության անվիճարկելի առաջնահերթություն է Հյուսիսատլանտյան դաշինքի և ԵՄ լիիրավ անդամակցությունը: Բանաձևում նշվում է, որ հանրապետությունը կողմ է հակամարտությունների բացառապես խաղաղ կարգավորումներին: Վրաստանը մտադիր է 2024-ին Եվրամիության լիիրավ անդամակցության հայտ ներկայացնել: ՆԱՏՕ-ի հետ Վրաստանը համագործակցում է 1990-ականների վերջից:
***
Մախաչկալայում Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայության աշխատակիցները, ներքին գործերի նախարարության հետ համատեղ, կանխել են ծրագրված ահաբեկչությունը: Խմբավորման մասնակիցները նախատեսում էին պայթուցիկ օգտագործել իրավապահ մարմինների վարչական շենքերից մեկի մոտ և զինված հարձակում գործել Դաղստանի ՆԳՆ աշխատակիցների վրա: Ուժայինները ձերբակալել են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման 4 անդամի: Նրանց կացարանում հայտնաբերվել է հրազեն, սառը զենք և զինամթերք:
***
Փարիզի Աստվածամոր տաճարում հրդեհից հետո առաջին անգամ Սուրբծննդյան համերգ է տեղի ունեցել, որին մասնակցել են քիչ թվով երաժիշտներ և մենակատարներ: Համերգի ընթացքում երաժիշտները կատարել են Մոցարտի և Շուբերտի հայտնի ստեղծագործություններն ու Սուրբծննդյան մի քանի երգ: ԱՆվտանգության կանոններից ելնելով՝ համերգին մասնակցող երաժիշտները կրել են հատուկ սաղավարտներ: Միջոցառումն անցկացվել է առանց հանդիսատեսի: Փարիզի Աստվածամոր տաճարում վերականգնման աշխատանքը շարունակվում է: