Առողջապահության համաշխարհային կազմակեպությունը հայտարարել է, որ կորոնավիրուսի նոր մուտացիան հայտնաբերվել է եվրոպական 8 երկրում: Նոր մուտացիան, հավանաբար, ավելի արագ է տարածվում երիտասարդների շրջանում՝ հայտարարել է առողջապահական կառույցը:
Իր երկրի սահմաններում նոր տեսակի հաստատման մասին է հայտնել Ֆրանսիան: Առողջապահության նախարարությունը հայտնել է, որ ֆրանսիացին ժամանել էր Լոնդոնից: Ժամեր առաջ նաև Մադրիդը հայտարարեց՝ Իսպանիայում «բրիտանական անվանումն ստացած» վիրուսի 4 նոր դեպքի մասին:
Վարակման մեկ դեպք էլ արձանագրվել է Շվեդիայում. այստեղ ևս վարակակիր է Միացյալ Թագավորությունից վերադարձած անձը: Լիբանանն էլ միացավ այդ ցանկին. առողջապահության նախարար Համադ Հասան հայտարարել է՝ Լիբանանում նույնպես Քովիդ-19-ի նոր տեսակի հաստատված դեպք կա:
Անհանգստացնող այս թվերի ու նոր շտամի տարածման ֆոնին՝ Եվրոպայում լավատես հայտարարություններ են հնչում: «Մենք սկսում ենք թերթել 2020 թվականի բարդ էջը»՝ հայտարարել է եվրահանձնաժողովի նախագահը՝ հույս հայտնելով, որ 2021 թվականը Եվրոպայի համար լինելու է հույսի և վերականգնման տարի:
Ուրսուլա ֆոն դեր Լայեն, Եվրահանձնաժողովի նախագահ - Պատվաստումը կօգնի աստիճանաբար վերադառնալ կյանքի բնականոն հունին: Երբ բավականաչափ թվով մարդիկ պատվաստվեն, մենք արդեն կարող ենք հանգիստ ճամփորդել, կրկին հանդիպել մեր ընկերներին և ընտանիքի անդամներին, վայելել մեր արձակուրդը, ինչի կարիքը բոլորս էլ ունենք: Բայց, մինչ այդ, մենք պետք է շարունակենք զգուշանալ, պետք է պաշտպանվել ու պաշտպանել մեր սիրելիներին վիրուսից:
Իսկ մինչև այդ՝ այսօրվանից Եվրամիության անդամ բոլոր երկրներում վայրէջք են կատարել պատվաստանյութերով բեռնված օդանավերը: Քովիդ-19-ի առաջին պատվաստանյութերը Եվրամիության բոլոր երկրներ են ուղարկվել միաժամանակ: Եվրահանձնաժողովը եվրոպական դեղերի գործակալության դրական գնահատականից հետո շաբաթվա սկզբում հայտարարել էր, որ ԵՄ-ն ձեռք է բերելու Pfizer /BioNTech պատվաստանյութը: Ուրսուլա ֆոն դեր Լայենը մանրամասնել է, որ պատվաստումը ԵՄ-ում կարող է սկսվել դեկտեմբերի 27-29-ից:
Յենս Շպան, Գերմանիայի առողջապահության նախարար - Ես ուրախ եմ հայտարարել, որ վաղը Եվրոպան միասին կարող է սկսել պատվաստումներ իրականացնել: Լավ է, որ այդ քայլին գնում ենք ոչ թե միայնակ, այլ բոլորս միասին: Այս պատվաստանյութը կորոնավիրուսին հաղթելու կարևորագույն բանալին է լինելու: Հենց այս րոպեներին Գերմանիայի տարբեր մարզեր ուղարկում ենք պատվաստանյութեր, հաջորդ օրերին դրանց թիվը կավելանա:
Եվրոպայում մարդիկ պատվաստվել կսկսեն վաղվանից, իսկ Ռուսաստանն արդեն մի քանի շաբաթ է՝ շարունակում է պատվաստման գործընթացը: Այսօր Ռուսաստանի առողջապահության նախարարությունը հաստատել է, որ «Սպուտնիկ V» պատվաստանյութը հնարավոր է կիրառել նաև 60 տարեկանից բարձր անձանց շրջանում: Առողջապահության նախարարությունը հավանություն է տվել բժշկական օգտագործման ցուցումների փոփոխություններին:
Դաշնության առողջապահության նախարարը նշել է, որ փորձագետների հատուկ խումբն ուսումնասիրել ու հավանություն է տվել տարիքային այդ խմբի պատվաստման հնարավորությանը: Ռուսաստանի Դաշնությունում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվն անցել է 3 միլիոնից, վերջին մեկ օրում գրանցվել է ավելի քան 29 հազար նոր դեպք: