Բոլոր ժամանակների ամենագեղեցիկ ամանորյա հեքիաթներից մեկը՝ Չայկովսկու «Շչելկունչիկը», վերադարձել է «Արամ Խաչատրյան» համերգասրահի բեմ: Հետպատերազմական Հայաստանում Ամանորի տոն ունենալ-չունենալու քննարկումներում ազգային ֆիլհարմոնիկի ղեկավարի դիրքորոշումը հստակ է ՝ այն, ինչ վերապրեցինք, սարսափելի է, բայց երեխաներին տոնից և հեքիաթից զրկել չի կարելի։
«Շչելկունչիկին» ֆիլհարմոնիկ նվագախումբը տարբեր ու մշտապես նոր մեկնաբանություններ է տվել: Այս դրամատիկ պատմությունն ու Չայկովսկու դյութիչ երաժշտությունը հոգևոր հարազատության շերտեր ունեն մեր ոչ տոնական հոգեվիճակին:
Սոցիալական անվտանգության նկատառումներով և փոքրիկների շփումը սահմանափակելու նպատակով այս անգամ «Շչելկունչիկը» ներկայացվում է մեկ գործողությամբ: Բայց ամբողջ համերգային ծրագիրն ուղեկցվում է Հոֆմանի հայտնի՝ «Մարդուկ-ջարդուկ» հեքիաթի հատվածներով, իսկ հեքիաթասացները Հրանտ Թոխատյանն ու Սերգեյ Սարգսյանն են: Համերգային բոլոր օրերին «Խաչատրյան» համերգասրահի ճեմասրահում նաև Արցախի բնամթերքի՝ Հադրութի հայտնի օղիների, Մարտակերտի անմահական մեղրի և այլ բարիքների բարեգործական վաճառք իրականացվեց:
Աշխարհաքաղաքական, ազգային և սոցիալական ցնցումներով լեցուն 2020-ը ֆիլհարմոնիկ նվագախմբի համար դժվար փորձություն շրջան էր, բայց ՀԱՖՆ գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանի գնահատմամբ՝ միայն պրոֆեսիոնալ ու նվիրյալ աշխատանքով կարելի է հաղթահարել մեծ ճգնաժամը:
Արդեն տարեսկզբին ֆիլհարմոնիկը ավարտին կհասցնի իր խոշորագույն նախագծերից մեկը՝ Բեթհովենի 9 սիմֆոնիաների ձայնագրությունը, որը կատարողական վարպետության քննություն է ցանկացած բարձրակարգ նվագախմբի համար: