«Հայփոստի» նոր ու ժամանակակից բաժանմունք՝ Դավթաշենի առաջին թաղամասում: Նորարարությունների պակաս այստեղ չի լինի:
Հայկ Կարապետյան, «Հայփոստի» գլխավոր տնօրեն - Բոլորովին նոր քաղաքային փոստային բաժանմունքի ստանդարտ ենք կիրառում:
Այստեղ հաճախորդները նաև հնարավորություն ունեն խուսափել հերթերից: Earlyone հավելվածն արդեն հասանելի է նաև այստեղ, անհրաժեշտ է միայն ներբեռնել, հետո՝ օնլայն հերթագրվել և ավելորդ ժամանակ չծախսել հերթերի մեջ:
Ծովինար Գալստյան, ԲՏԱ նախարարության կապի և փոստի վարչության պետի պաշտոնակատար - Դավթաշեն թաղամասը, լինելով այդքան մեծ հագեցվածությամբ բնակչությամբ, ուներ մեկ բաժանմունք: Սա երկրորդն է: Նման բաժանմունք, կարելի է ասել, «Հայփոստի» 850 ցանցում առաջինն է:
Առաջին անգամ «Հայփոստի» բաժանմունքում տեղադրվել է նաև փոստամատ: Միջազգային հարթակներից պատվիրված իրերը հնարավոր է ստանալ առանց ժամանակ կորցնելու՝ պարզապես հավաքելով կոդն ու հաշված վայրկյաններում ստանալ առաքանին:
Եվս մեկ նորարարություն. Սինգապուրի փոստի օրինակով՝նորաբաց բաժանմունքում առաջին անգամ նաև հանդերձարան կա:
Հայկ Կարապետյան - Մեր հաճախորդները, որոնք գնումներ են կատարում միջազգային հարթակներից, կարողանան իրենց գնած շորը կամ սարքը փորձարկեն և, եթե իրենց հարմար են, վերցնեն, եթե ոչ, հենց նույն րոպեին հետ վերադարձնեն ապրանքը և չվճարեն դրա դիմաց:
Փոստային այս նորաոճ բաժանմունքը կսպասարկի Դավթաշենի առաջին և երկրորդ թաղամասերի բնակիչներին: