Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանը գերազանցության մեդալներ է հանձնել 2019-2020 տարվա սյունեցի երկու շրջանավարտի՝ Կապանի թիվ 10 միջնակարգ դպրոցի և Աճանանի (Կապան համայնք) միջնակարգ դպրոցի․ նրանք արդեն ուսանողներ են։
Դպրոցի տնօրենները շնորհակալագիր են ստացել մարզի ղեկավարից՝ կրթության որակի և բովանդակության նկատմամբ բարձր պատասխանատվության և ուսումնական հաստատության կրթության գործի արդյունավետ կազմակերպման համար համար։
Մելիքսեթ Պողոսյանը շնորհակալություն է հայտնել տնօրեններին կրթօջախների գրանցած հաջողությունների համար ու շնորհավորել մեդալակիրներին՝ նշելով, որ երկրի կարևոր հիմքերից է դպրոցը։
Սյունիքի մարզպետարանից հայտնում են, որ մարզի մյուս համայնքներում մեդալակիրներն առաջիկայում իրենց դպրոցներում կստանան մեդալները, իսկ մարզային ենթակայության դպրոցների տնօրենները՝ շնորհակալագրերը։
Անցած ուսումնական տարում Սյունիքի մարզն ունեցել է 35 մեդալակիր, նրանցից 12-ը մարզային ենթակայության դպրոցներից են՝ Կապանի թիվ 10 միջնակարգ դպրոց՝ 1 հոգի, Աճանանի միջնակարգ դպրոց՝ 1 հոգի, Քարահունջի միջնակարգ դպրոց՝ 1 հոգի, Ագարակի միջնակարգ դպրոց՝ 2 հոգի, Գորայքի միջնակարգ դպրոց` 2 հոգի, Վերիշենի միջնակարգ դպրոց՝ 2 հոգի, Խնձորեսկի միջնակարգ դպրոց՝ 3 հոգի։ Ինչպես նաեւ, Գորիսի թիվ 1 ավագ դպրոցն ունի 9 մեդալակիր, Գորիսի թիվ 4 ավագ դպրոցը՝ 6 մեդալակիր, Սիսիանի ավագ դպրոցը՝ 8 մեդալակիր։