ՀՀ ԿԳՄՍ նախարարությունում այսօր տեղի է ունեցել Էդվարդ Միրզոյանի անվան պատանի կոմպոզիտորների հանրապետական 7-րդ մրցույթ-փառատոնի լավագույն տասը մասնակիցների պարգևատրման արարողությունը:
Պատվոգրերը հանձնել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը: Միջոցառմանը ներկա են եղել նաև Կոմպոզիտորների միության նախագահ Արամ Սաթյանը և մրցույթի գեղարվեստական ղեկավար Էդմոնդ Մակարյանը:
Նախարարի տեղակալ Արա Խզմալյանը, շնորհավորելով պատանի կոմպոզիտորներին, նշել է, որ, չնայած տարին մեզ համար դժվար, բարդ և ողբերգական էր, բայց գտնվել են մարդիկ, որոնք ունեցել են ստեղծագործական աշխատանքը չընդհատելու խիզախություն:
«Արվեստագետի ճանապարհը չի կարող հեշտ լինել. այն դժվարությունների և որոնումների ճանապարհ է: Հետևողականությունը, լավատեսությունը և հաջողության հասնելու համառությունն են ապահովում արդյունք»,- նշել է նախարարի տեղակալը՝ պատանի կոմպոզիտորներին մաղթելով ստեղծագործական ձեռքբերումներ:
Մրցույթ-փառատոնն անցկացվում է 7-րդ տարին անընդմեջ՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարության, Երևանի պետական կոնսերվատորիայի գործընկերությամբ և Հայաստանի կոմպոզիտորների միության նախաձեռնությամբ: Միջոցառումն այս տարի կազմակերպվել է առցանց ձևաչափով: Ի տարբերություն նախորդ տարիների՝ այս տարի որոշվել է մրցույթի տեղերը հատկացնել լավագույն 10 մասնակիցներին` չառանձնացնելով մրցանակային տեղեր:
Ընտրված պատանի կոմպոզիտորների` Արաքս Աշճյանի, Գրիգորի Բալասանյանի, Արիանա Վարդանյանի, Սարգիս Առաքելյանի, Արմեն Գևորգյանի, Սյուզաննա Աղամալյանի, Ռուբեն Ավագյանի, Էդգար Մխիթարյանի, Ալեքսանդր Տոնիկյանի և Էդուարդ Ալեքսանյանի ստեղծագործությունները մայիսի 12-ին՝ Էդվարդ Միրզոյանի ծննդյան օրը, մեկ միասնական տեսանյութով հեռարձակվել են ՀՀ ԿԳՄՍ նախարարության, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի և Հայաստանի կոմպոզիտորների միության մշակութային հարթակներում: