Հայագետների, գրականագետների սեղանին ևս մեկ գիրք կավելանա: Ղևոնդ Ալիշանի 200 ամյակի առթիվ լույս է տեսել բացառիկ գիտնականի անտիպ նամականիների առաջին հատորը: Նրանք, ովքեր մինչև հիմա ծանոթ էին Ալիշանի գրական և հայագիտական աշխատություններին, անձնական նամակագրության շնորհիվ հնարավորություն կունենան նրան նորովի բացահայտել: Հաստափոր գրքում ներառված են այնպիսի կարևոր նամակներ, որոնք երբևէ տպագրված չեն եղել:
Նարինե Խաչատուրյան, ԿԳՄՍ փոխնախարար - Նամակները կարդալով՝ մենք ծանոթանում ենք, թե ինչպիսի մարդկանց հետ է շփվել, կայսրուհիներից սկսած՝ գիտնականներով վերջացրած:
Վենետիկի Մխիթարյան միաբանության 300-ամյա պատմության յոթ տասնամյակը կապված է Ղևոնդ Ալիշան հանճարի հետ: Նա բացառիկ գիտնական էր, որ երբևէ Հայստանում չի եղել, բայց ամբողջ կյանքի ընթացքում գրել է հայրենիքի մասին ու իր գործունեությունը նվիրել է հայրենաճանաչությանը: Գիրքը հեղինակել է Վենետիկի Մխիթարյան միաբան Հայր Վահանը՝ գրականության և արվեստի թանգարանի ու «Հայ մատենագրության թվանշային գրադարանի» անձնակազմի հետ միասին: Ընթերցողն այն թերթելիս Հայր Ալիշանին նորովի կբացահայտի, կծանոթանա այն նամակներին, որ նա գրել է տարբեր հոգևորականներին ու օտարերկրյա գիտնականներին: Գրքի առաջին հատորում ներառված է նաև Սուրբ Ղազարի գրական հավաքածուի մասին տեղեկություններ:
Եռահատորի առաջին մասը տպագրվել է կրթության, գիտության, մշակութի և սպորտի նախարարության միջոցներով: Սա յուրահատուկ երախտիք է՝ նվիրված պատմաբան-հայագետ, բանաստեղծ, թարգմանիչ, բանասեր, բանագետ-աստվածաբան, աշխարհագրագետ Ալիշանին: Հաջորդ տարի լույս կտեսնեն արդեն մյուս երկու հատորները:
Նարինե Խաչատուրյան - Աշխարհի մեծագույն գրադարաններին պիտի առաքենք, որպեսզի իմանան Ալիշանի մասին:
Որպեսզի Ալիշանի տպագիր ժառանգությունը երկար կյանք ունենա, այն նաև թվայնացվել է: Հայաստանի Ամերիկյան համալսարանի «Հայ մատենագրության թվանշային գրադարանում» այսուհետ հնարավոր կլինի օնլայն տարբերակով ընթերցել հայագետի պատմաաշխարհագրական, գեղարվեստական, պատմագիտական հետազոտությունները, դավանական ու քարոզչական գրականությունը: Նոր գրավոր ժառանգություն հայտնաբերելու դեպքում դրանք նույնպես կտեղադրվեն թվային տիրույթում: