Թուրքիան պետք է հրաժարվի գաղութային պատրանքներից, նա կա՛մ խաղաղ կհեռանա Լիբիայից, կա՛մ պատերազմ կստանա՝ ասել է Լիբիայի ազգային բանակի հրամանատար, ֆելդմարշալ Խալիֆա Հաֆթարը՝ հայտնում է Ermenihaber-ը:
«Օկուպանտին և թշնամուն այլ ելք չի մնում, քան Լիբիայից խաղաղ ու կամավոր հեռանալը, այլապես նա կդիմակայի զենքի ուժին և ուժեղ կամքին»՝ նշված է Հաֆթարի հայտարարության մեջ, որն արվել է դեկտեմբերի 24-ին՝ երկրի անկախության 69-րդ տարեդարձի կապակցությամբ: Մինչև 1911 թվականը Լիբիան Օսմանյան կայսրության մաս էր կազմում, մինչև 1942 թվականը իտալական գաղութ էր, իսկ 1943 թվականից՝ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ, այն գաղութացրին Անգլիան և Ֆրանսիան: 1951 թվականին Լիբիան ձեռք բերեց անկախ պետության կարգավիճակ:
«Անկախությունն արժեք չունի, քանի դեռ թուրքական բանակը զավթել է մեր հայրենիքի մի մասը»,- ասել է Հաֆթարը: «Ագրեսորը չի դադարում վարձկաններ ու տարբեր տեսակի զենքեր ուղարկել՝ պատերազմ հայտարարելով լիբիացիներին, անտեսելով մեր երկրի կամքն ու թերագնահատելով մարդկային արժեքները: Եթե առաջինն ես կրակում, պատրաստվիր հաստատ մահվան»:
Անկարան աջակցում է Լիբիայի կառավարությանը, երեքշաբթի էլ Թուրքիայի խորհրդարանը հավանություն տվեց Լիբիայում թուրքական զինված ուժերի գտնվելու ժամկետը երկարացնելու հարցմանը:
Եգիպտոսն էլ հայտարարել է, որ պատրաստ է զորքեր ուղարկել Լիբիա՝ աջակցելու ազգային բանակին: