Կառավարությունն ընդունել է 15 սոցիալական միջոցառում՝ ուղղված պատերազմի հետևանքով տուժած արցախցիների կարիքներին: Այդ մասին հրավիրված մամլո ասուլիսի ժամանակ հայտնեց աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը:
Նա հակիրճ ներկայացրեց հաստատված միջոցառումները.
1. Արցախում հաշվառված քաղաքացիներին հատկացվել է 68 հազար դրամ, գումարած 15 հազար դրամ հավելավճար նրանց համար, որոնք չունեն սեփականություն: Այս պահի դրությամբ միջոցառումից օգտվել է 90 հազար քաղաքացի, հատկացվել է ընդհանուր 6.5 մլրդ դրամ:
2. Արցախի վերահսկողությունից դուրս գտնվող տարածքներում գրանցված քաղաքացիներին տրամադրվել է 300 հազար դրամ, շահառուները 30 հազար են, որոնցից աջակցությունն արդեն ստացել է 5000-ը:
3. Արցախում տեղի ունեցած ավերածությունների հետևանքով սեփականություն կորցրած քաղաքացիները կստանան 250 հազար դրամ:
4-5. Այսօրվանից գործարկվում են հյուրընկալության 2 ծրագրերը. արցախցիներին հյուրընկալող քաղաքացիները կստանան յուրաքանչյուր անձի համար 30 հազար դրամ՝ ՀՀ-ում, 40 հազար դրամ՝ Արցախում:
6-7. Հունվարից կմեկնարկի արցախցիներին ժամանակավոր աշխատանքով ապահովելու 2 ծրագիր, այսպես կոչված՝ կրթական պրակտիկայի ծրագիր: Եթե գործատուի մոտ պրակտիկա կանցնեն և փորձ ձեռք կբերեն, նրանց կվճարվի 100 հազար դրամ, նաև 34 հազար դրամ՝ գործատուին:
8-9. Հունվարից համայնքներում՝ մասնավորապես գյուղական, իրականացվելու են հասարակական աշխատանքներ, որոնց ներգրավման դեպքում աշխատավարձի տեսքով կվճարվի օրական 8 հազար դրամ:
10-11. Պատերազմի հետևանքով ավերածություններ են տեղի ունեցել նաև Հայաստանի տարածքում, և Սյունիքի և Գեղարքունիքի մարզերի այն բնակիչներին, որոնք անշարժ գույքի վնաս են կրել, հատկացվել է մոտ 50 մլն դրամի փոխհատուցում: Նշված մարզերում հրետակոծության հետևանքով զոհվածների ընտանիքներին կտրամադրվի 5 մլն դրամ, հաշմանդամություն ստացած քաղաքացիներին՝ 1-3 մլն դրամ:
12-13. Երկու միջոցառում է իրականացվում Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի հետ կապված: Եթե պատերազմի հետևանքով վիրավորված կամ անհետ կորած զինծառայողը հիմնադրամի շահառու է, բայց անհայտ կորելու հանգամանքը դեռ չի հաստատվել դատական կարգով, չի տրամադրվել նաև վիրավորված զինծառայողի հաշմանդամության կարգը, փոխհատուցում կստանան 300 հազար դրամի չափով:
14-15. Արցախի կենսաթոշակառուների և նպաստառուների դեկտեմբերի վճարումների համաֆինանսավորում է իրականացվել 940 մլն դրամի չափով, իրականացվել է նաև Արցախի քաղաքացիների՝ սեպտեմբեր-նոյեմբերի կոմունալ վճարումների համաֆինանսավորում: