Պատերազմով պայմանավորված՝ վերջին ամիսներին փոխվել են աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության առաջնահերթությունները: Հիմա ամբողջ ռեսուրսով փորձում են լուծում տալ հետպատերազմական խնդիրներին: Աջակցության 15 ծրագիր են գործի դրել: Արցախում հաշվառված յուրաքանչյուր քաղաքացու կառավարությունը 68.000 դրամի ֆինանսական աջակցություն է տրամադրում, նաև 15.000 հավելավճար նրանց համար, որոնք չունեն սեփականություն:
Մեսրոպ Առաքելյան, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար - Այս պահին 90 000 քաղաքացի է ծրագրից օգտվել:
Աջակցության մյուս ծրագիրն Արցախի վերահսկողությունից դուրս գտնվող տարածքներում գրանցված և վերջին երեք ամսում բնակված բոլոր քաղաքացիների համար է: Այս դեպքում աջակցությունը 300.000 դրամ է: Նախարարի խոսքով՝ այս ծրագրից կօգտվի մոտ 30.000 մարդ, որից 5.000-ը հասանելիք օգնությունից արդեն օգտվել է: 250.000 դրամ էլ կտրամադրվի նրանց, ովքեր ավերածությունների պատճառով չեն կարողանում բնակվել իրենց տներում:
Պատերազմի օրերին ու դրանից հետո արցախցիներից շատերը բնակվում էին բարեկամների, ընկերների տներում: Աջակցության փաթեթներ են նախատեսել նաև հյուրընկալ ընտանիքների համար: Այս ծրագրից օգտվելու համար այսօրվանից սկսվում է էլեկտրոնային դիմումների ընդունումը:
Մեսրոպ Առաքելյան - Այն քաղաքացիները, ովքեր հյուընկալել են արցախցիներին, յուրաքանչյուր չափահաս անձի գծով ստանալու են հյուրընկալության ծախսերի փոխհատուցում՝ 30.000 դրամի չափով, իսկ Արցախում՝ 45.000 դրամի չափով:
Հունվարից արցախցիների ժամանակավոր զբաղվածության հարցն էլ կփորձեն լուծել: Աշխատանքի անցած քաղաքացիները փորձաշրջանի ընթացքում կվարձատրվեն՝ ստանալով 100.000 դրամ: 34.000 դրամ էլ կտրվի գործատուներին՝ խրախուսելու համար: Աշխատանքի տեղավորման առումով աչքաթող չեն անի նաև գյուղերում բնակվող արցախցիներին: Օրական 8000 դրամ աշխատավարձով կներգրավեն շինարարական, բարեկարգման աշխատանքներում: Պատերազմի պատճառով մոտ 50 միլիոն դրամի ավերածություններ են եղել նաև Հայաստանի սահմանամերձ բնակավայրերում: Բոլոր այն քաղաքացիները, որոնց տները փլատակների են վերածվել, փոխատուցում են ստացել:
6 ամիս ժամկետով 300.000 դրամի աջակցություն կտրամադրվի նաև անհետ կորածների ընտանիքներին: Վիրավորներն էլ, մինչև հաշմանդամության կարգի ստանալը, զինծառայողների ապահովագրության հիմնադրամից կստանան 100.000 դրամ: Մախարարը տեղեկացրեց, որ կառավարության որոշմամբ այդ գումարին կհավելվի ևս 200.000 դրամ: Ըստ Առաքելյանի, աջակցության ծրագրերն իրականացնելիս որոշ խնդիրներ են ունեցել բազաների հետ կապված: Արցախի քաղաքացիներից ոմանք մերժվել են ու աջակցությունից դուրս մնացել: Խնդիրն արագ կլուծեն: Երեկվանից գործարկել են դիմում-բողոքների օնլայն հարթակ: