Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմին ակտիվ մասնակցություն են ունեցել նաև սյունեցիները, կրել անդառնալի կորուստներ՝ ինչպես Արցախում, այնպես էլ Սյունիքի մարզի բնակավայրերի պաշտպանության ընթացքում: Այդ մասին ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության կազմակերպած աշխատանքային քննարկման ժամանակ ասաց Կապանի քաղաքապետ Գևորգ Փարսյանը:
Նա նշեց, որ հոկտեմբերի 18-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը Գորիսում հրավիրել էր խորհրդակցություն համայնքների ղեկավարների մասնակցությամբ՝ առաջարկելով անցնել ինքնապաշտպանության, Սյունիքի մարզի ինքապաշտպանական մարտերի համակարգող նշանակվել էր Արտակ Դավթյանը:
«Գեներալ Դավթյանից ցուցում ստացանք զբաղեցնել մեզ համար շահավետ դիրքեր: Մենք ընտրեցինք այն բնագիծը, որը հեռու էր մեր բնակավայրերից՝ այդպիսով անվտանգության գոտի ապահովելով: Թեժ մարտեր ընթացան Կապանում, մասնավորապես՝ Դավիթ Բեկի, Ուժանիսի, Կենտրոնական և Ներքին Հանդի հատվածներում, եղան զոհեր, բայց մի մետր անգամ հետ չնահանջեցինք՝ պահպանելով այդ բնագծերը: Նոյեմբերի 9-ի հայտարարությունից հետո մենք շարունակեցինք կանգնած մնալ մեր զբաղեցրած դիրքերում՝ ապահովելով բնակավայրերի անվտանգությունը, սակայն դեկտեմբերի 17-ին անսպասելի հրաման իջեցվեց ՊՆ-ի կողմից թողնել բնագծերը և հետ գալ ՀՀ սահմանների վրա: Կապանցիների համար դա լուրջ խնդիրներ է առաջացրել»,- ասաց քաղաքապետը:
Փարսյանի խոսքով՝ այս պահի դրությամբ՝ թշնամին Սյունիք բնակավայրից գտնվում է 100 մետր, Կապանից՝ 1 կմ հեռավորության վրա, և այդ բնագծերը զիջելով՝ Կապան համայնքը և մի շարք բնակավայրեր դարձել են թիրախ թշնամու համար:
Կապանի քաղաքապետն ասաց, որ կան խնդիրներ նաև ճանապարհների անվտանգության հետ կապված, մասնավորապես՝ Կապան-Գորիս, Կապան-Ճակատեն, Կապան-Ագարակ հատվածների: «Կապան-Գորիսը և Կապան-Ճակատենը գործում են, իսկ Կապան-Ագարակը ստիպված ենք եղել չօգտագործել, քանի որ անցել է թշնամու վերահսկողության ներքո, և դեռևս որևէ կարգավորում չկա: Կա, իհարկե, այլընտրանքային ճանապարհ, որը, սակայն, հիմնանորոգման կարիք ունի և մի քանի անգամ երկար է, իսկ ձմռան ամիսներին նույնիսկ անանցանելի է դառնում»,- պարզաբանեց Փարսյանը:
Քաղաքապետը նշեց, որ երեկ բանակցություններ են վարվել Ադրբեջանի և ՀՀ ներկայացուցիչների միջև, առաջարկ է եղել երկկողմանի հետ քաշել դիրքերը սահմանից՝ մոտ 150 մ՝ ապահովելով անվտանգության գոտի՝ զերծ պահելով զինծառայողներին շփումներից և հնարավոր կոնֆլիկտի առաջացումից: «Մեր ՊՆ-ից առաջարկեցին այդ մոտեցումը համակարգային դարձնել՝ ամբողջ սահմանագծի երկայնքով, քանի որ տեղեր կան, որտեղ իրենք են դիրքերը սահմանին մոտեցրել»,- ասաց նա
Փարսյանը վստահեցրեց, որ Կապանի բնակչության մոտ խուճապ չկա, սակայն առկա է անհանգստություն և լարվածություն: «Չեն պատկերացնում՝ ինչ է սպասվում: Ինձ անընդհատ հարցնում են ապագայի մասին, ես չունեմ այդ հարցի պատասխանը, բայց հավատացած եմ, որ ամեն ինչ պետք է անել՝ ապահովելու մեր բնակչության անվտանգությունը»,- նշեց Կապանի քաղաքապետը: