Կաթոլիկ քրիստոնյաներն այս տարի շատ համեստ են նշել Սուրբծննդյան տոնը: Իտալիայում Սուրբ Պետրոսի տաճարի հրապարակը դատարկ էր: Ծննդյան պատարագն էլ անցել է ոչ մարդաշատ: Այդ արարողությանը սովորաբար մասնակցում է հազարից ավելի հավատացյալ, բայց այս տարի եկեղեցում 200 մարդ կար, պատարագն էլ անցկացվել է՝ պահպանելով սանիտարական բոլոր կանոնները: Այն սկսվել է սովորականից երկու ժամ շուտ, որպեսզի մասնակիցները կարողանան տուն հասնել մինչև պարետային ժամը: Ֆրանցիսկոս պապի քարոզում հիմնականում աջակցության, սփոփանքի, հույսի խոսքեր էին:
Բեռլինի ամենահին լյութերական եկեղեցին՝ Մարիենկիրխեն, որը հայտնի է 13-րդ դարից, նույնպես կատարել է մի քանի բացօթյա արարողություններ: Դրանք անցկացվել են՝ հետևելով հակավիրուսային բոլոր միջոցառումներին: Գերմանիայում համաճարակի սկզբից կորոնավիրուսով վարակվել է ավելի քան մեկ միլիոն վեց հարյուր հազար մարդ, 30 հազարը մահացել է:
Սուրբ Ծնունդը համեստ է նշվել նաև Բեթղեհեմում: Covid-19-ի սահմանափակումների պատճառով քիչ թվով մարդիկ են հաճախել ավանդական միջոցառումներին, որոնց մասնակցել են հիմնականում տեղացիներ, շատ տոնակատարություններ էլ անցկացվել են առցանց: Այս տարվա մարտ ամսից ոչ մի զբոսաշրջիկ չի այցելել Բեթղեհեմ: