Հայաստանում էկոզբոսաշրջության զարգացման լայն հնարավորություններ կան, ինչը, սակայն, չպետք է իրականացվի ի հաշիվ բնության՝ հարուստ և բազմազան կենսաբազմազանության՝ նշված է Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամնի (FPWC) պաշտոնական հաղորդագրությունբում: Հիմնադրամը ջանքեր է ներդնում նաև այս կարևոր և զարգացման մեծ պոտենցիալ ունեցող ոլորտն ընդլայնելու ուղղությամբ։
Առաջնորդվելով հենց այս գաղափարախոսությամբ՝ Հիմնադրամն ակտիվորեն համագործակցում է «Արևորդի էկո-տուրեր» կազմակերպության հետ (SunChild EcoTours), որպեսզի հանգիստը վայրի բնության գրկում լինի ապահով թե՛ բնության, թե՛ այցելուների համար։
Զբոսաշրջության այս տեսակի ընտրությունը, ի դեպ, ևս մեկ առավելություն ունի․ վայրի բնության գրկում կարելի է ունենալ ամենաէքստրեմալ արկածները, կամ պարզապես հնարավոր է առանձնանալ էկոտնակներում և լինել կատարյալ անդորրի մեջ՝ կտրվելով ամբողջ աշխարհից։ Անչափ կարևոր է, սակայն, որ արկածներով լի էքստրեմալ ուղևորությունն ուղեկցեն մասնագիտացված զբոսավարները, այս դեպքում՝ FPWC հմուտ անտառապահները, որոնք քաջատեղյակ են տեղի բնաշխարհի բոլոր մանրամասներին և պատրաստ են անգամ արջի հետ «հանդիպմանը»։
Հիմնադրամը ՀՀ-ում էկոզբոսաշրջության գաղափարի ներդրման առաջամարտիկներից է։ Այս ուղղության զարգացումը լայն հնարավորություններ է ստեղծում Հայաստանի համար նաև գիտակրթական առաջընթացի տեսանկյունից․ այս տարիների ընթացքում Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանի տարածքում՝ հենց վայրի բնության սրտում գտնվող էկոտնակներ այցելել են բազմաթիվ տեղացի և օտարերկրյա նշանավոր հյուրեր՝ գիտության ներկայացուցիչներ, բնասերներ և բնապահպաններ, ինչպես նաև պարզապես վայրի բնության սիրահարներ։ Բոլոր այցելուները չափազանց տպավորված են եղել Հայաստանի վայրի բնության հարստությամբ և գեղեցկությամբ։ Նրանցից որոշներն անգամ ուշագրավ բացահայտումներ են արել, օրինակ՝ ցեցի նորահայտ տեսակը, որն անվանակոչվել է Ուրցաձոր գյուղի պատվին։
Գորշ արջեր, բեզոարյան այծեր, սև անգղեր, մորուքավոր անգղեր, հայկական իժեր, առաջավորասիական հովազ․ այս և բազմաթիվ այլ վայրի կենդանատեսակների կարելի է հանդիպել Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանի տարածքում։ Այս կենդանատեսակներից որոշներին կարելի է նաև դիտարկել FPWC անտառապահների օգնությամբ։ Ընդգծենք, որ սա բացառիկ հնարավորություն է, քանի որ այս էկոտնակները միակն են Հայաստանում, որոնք տեղակայված են Արարատի (Ուրցաձոր) և Վայոց ձորի (Գնիշիկ) մարզերում։ Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը համոզված է, որ բնապահպան կարող է դառնալ յուրաքանչյուրը։ Սիրելով և պահպանելով մայր բնությունը՝ հնարավոր է անգամ հանգիստն անցկացնել Հայաստանի վայրի բնության ամենագողտրիկ անկյուններում, բացահայտել Հայաստանը նորովի՝ համոզված են Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամից: