Օրերս հայաստանցի և արտերկրում բնակվող մի խումբ հայ բարերարների մասնակցությամբ տեղի ունեցավ հանդիպում, որի ընթացքում քննարկվել է ՀՀ ԶՈՒ բանակային երկրորդ կորպուսի սահմանապահ մարտական հենակետերը արևային շարժական կայաններով ապահովելու խնդիրը: Այդ մասին Ֆեյսբուքի էջում գրել է Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը:
«Բարերարների խումբը անմիջապես ձեռնամուխ է եղել նախաձեռնության իրականացմանը, և դեկտեմբերի 24-ին ՀՀ ԶՈՒ բանակային երկրորդ կորպուսի հրամանատարությանը նվիրատվության կարգով արդեն հանձնցինք արևային շարժական էլեկտրակայաններ: Դրանք առաջիկայում կտեղակայվեն սահմանապահ մարտական հենակետերում։
Կորպուսի հրամանատարությանն է հանձնվել արևային շարժական 20 էլետրակայան, որոնք ծառայելու են ռադիոկայանի մարտկոցների, սահմանապահ անձնակազմերի բջջային հեռախոսների լիցքավորման, գիշերային լուսավորության և տեխնիկական այլ խնդիրների ապահովման համար։ Շարժական արեւային յուրաքանչյուր էլեկտրակայան ապահովում է 600 վատտ ժամ հզորություն։
Ձեռնարկին մասնակցել են կանադահայեր Դավիթ Պետրոսյանը, Գառնիկ Ղարիբյանը, «Ռադիովան» ընկերությունը, Հայաստանից՝ Տիգրան Պետրոսյանը, Աննա, Կատյա և Անահիտ Գիշյանները, Հրայր Ասլանյանը, Շուշանիկ Արևշատյանը, Արմեն Այվազյանը, ամերիկահայ և ֆրանսահայ այլ բարերարներ։ Ինչպես պատերազմի ընթացքում, այնպես էլ ավարտից հետո մեր հայրենակիցները շարունակում են միջոցներ տրամադրել Հայոց բանակի հզորացման և արդիականացման համար։
Բարեգործական կարգով միջոցներ տրամադրում են ինչպես Գեղարքունիքի մարզից արտերկրում ապրող և աշխատող անձինք, այնպես էլ հայկական սփյուռքի բազմաթիվ ներկայացուցիչներ, Հայաստանում բնակվող քաղաքացիներ։ Այս ձեռնարկը ևս մեկ անգամ փաստում է, որ համայն հայությունը ոչ միայն մտահոգ է հայրենիքի ճակատագրով, այլ նաև Հայոց բանակի հզորացումն ու արդիականացումը համարում է իր պարտքը։
Յուրաքանչյուր նման նախաձեռնություն բարձրացնում է սահմանապահ զինվորների անվտանգությունը, սահմանների ամրության և հուսալիության աստիճանը։ Ամեն օր ու ժամ մենք պետք է ավելի ամրացնենք մեր սահմանները, հզորացնենք ու արդիականացնենք մեր բանակը ինչպես ժամանակակից սպառազինությամբ, այնպես էլ՝ տեխնիկական միջոցներով։
Մեր ամենօրյա դիտարկումների հիման վրա հստակեցնելու ենք մեր պահանջները և փորձելու ենք ձեռք բերել բոլոր անհրաժեշտ միջոցները։ Ուրախ ենք, որ աշխարհի տարբեր երկրներում բնակվող մեր հայրենակիցներն իրենց անշահախնդիր մասնակցությունն են բերում ազգապահպան ու հայրենանվեր այս գործին։
Բարեգործական խմբի ներկայացուցիչների հավաստմամբ՝ իրենք շարունակելու են համագործակցությունը բանակային երկրորդ կորպուսի և Գեղարքունիքի մարզպետարանի հետ՝ հանգանակելով նոր միջոցներ և դրանք ուղղելով Հայոց բանակի հզորացմանն ուղղված խնդիրների հստակ կատարմանը»,- գրել է մարզպետը։