Ժամեր անց աշխարհի կաթոլիկներն ու բողոքականները կտոնեն քրիստոնեական գլխավոր տոներից մեկը` Սուրբ Ծնունդը: Այս տարվա տոնախմբություններն ու տոնական մթնոլորտը, սակայն, կտարբերվեն մյուսներից: Կորոնավիրուսը, ինչպես ամբողջ 2020-ը, այնպես էլ տարվա ավարտը կամփոփի իր կանոններով: Աշխարհի առաջնորդներն ու առողջապահական ոլորտի պատասխանատուներն արդեն մի քանի շաբաթ է միաբերան կոչ են անում՝ տոներն անցկացնել տանը՝ խուսափելով շփումից:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն այսօր լքել է Սպիտակ տունն ու ուղևորվել Ֆլորիդա, որտեղ էլ պատրաստվում է անցկացնել Սուրբ Ծննդի տոները: Այս օրերին ամերիկացիները կատակում են՝ կորոնավիրուսն ամանորի հայտնի հակահերոս Գրինչից վատն էր՝ «Մեզնից խլեց Ամանորն ու մնացած հանարավոր ամեն բան»: Ամերիկյան հայտնի զբոսայգիները լուսավոր են ու շքեղ, ինչպես ամեն տարի, բայց տարբերությունը մեկն է՝ մարդիկ գրեթե չկան: Բժիշկները հորդորում են՝ ավելի լավ է տոները մի քիչ տխուր անցնեն, և իրենք շունչ քաշելու հնարավորություն ունենան:
Դանիել Պիտիչելո, բժիշկ - Եթե մարդիկ որոշեն Սուրբ Ծնունդը նշել այնպես, ինչպես միշտ, ապա պատրաստ եղեք, որ երկու շաբաթից հիվանդանոցներում ազատ մահճակալներ չեն լինելու: Խնդրում ենք, մի քիչ էլ բուժանձնակազմի մասին մտածել:
Գերմանացիները, անտեսելով երկրի իշխանության «Սուրբ Ծննդի օրերին մնալ տանը» կոչերն ու հորդորները, արդեն սկսել են մեկնել հանգստի: Այս օրերին, հատկապես, ծանրաբեռնված են աշխատում գերմանական երկաթուղիները:
Ընտանիքի անդամներով տոնը նշելուն դեմ չէ Իսպանիայի կառավարությունը: Սուրբ Ծնունդն Իսպանիայում հնարավոր կլինի դիմավորել միայն ընտանիքի անդամների հետ: Դեկտեմբերի 23-ից հունվարի 6-ը երկրի ներսում շրջագայել կարելի է հատուկ թղթի առկայության դեպքում, որը հաստատում է՝ ուղևորվում ես ընտանիքիդ անդամներին տեսնելու: Այս թղթաբանությունն ու ընտանիքներին տեսնելու իսպանացիների ձգտումը լուրջ խցանումների պատճառ է դարձել: Միևնույն է՝ իսպանացիներն ուրախ են, որ այս օրերին թույլատրվում է գոնե ամենամոտ հարազատներին տեսակցել:
Ֆրանսիայի իշխանությունը հավատում է ֆրանսիացիների զգուշավորությանն ու աչալրջությանը: Առողջապահության նախարարը չի մոռանում, սակայն, զգուշացումների մասին:
Օլիվիե Վերան, Ֆրանսիայի առողջապահության նախարար - Ես անկեղծորեն հավատում եմ, որ ֆրանսիացի ժողովուրդը զգոն կլինի տոնակատարությունների և արձակուրդների ժամանակ: Այլապես, վիրուսը կշարունակի տարածվել ու իրավիճակը ծայրահեղ կդառնա:
Ծայրահեղ ելքից վախենում, բայց տոներից առաջ գնումներ կատարելու գայթակղությանը դիմանալ չեն պատրաստվում ֆրանսիացիները: Արդյունքում խանութները նախատոնական օրերին մարդաշատ են, հերթեր՝ անկառավարելի:
Իտալացիներից շատերը Սուրբ Ծնունդը կանցկացնեն առանց նվերների: Երկրում, կորոնավիրուսի տարածման տեմպի և մահվան ռեկորդային թվերի ֆոնին, այսօրվանից խիստ սահմանափակումներ են գործում՝ մինչև դեկտեմբերի 27-ը: Փակվում են խանութներ, սրճարաններ, ռեստորաններ, արգելվում՝ մարդկանց տեղաշարժը: Իտալիայի փողոցները նորից դատարկ են:
Մարդկանց ամենամեծ զայրույթն ու զարմանքը, սակայն, Սուրբծննդյան օրերին սպասվող դատարկ եկեղեցիներն են: Հավատացյալների կուտակումներից խուսափելու համար աշխարհի հարյուրավոր եկեղեցիներում պատարագները կմատուցվեն հեռավար:
Բեթղեհեմի Սուրբ Եկատերինայի տաճարում նույնպես Սուրբծննդյան պատարագը կանցկացվի կեսգիշերին՝ տաճարի դատարկ պատերի ներսում: