Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին ասել է, որ կցանկանար դուրս գալ Մինսկի համաձայնագրերից: Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ վկայակոչելով focus-ի հետ նրա հարցազրույցը:
«Ինչպես ասել եմ ճեպազրույցներից մեկում, կարծում եմ, որ մենք չենք կարող հենց այնպես դուրս գալ Մինսկի համաձայնագրերից, քանի որ եվրոպացիները կարող են չեղարկել պատժամիջոցները Ռուսաստանի և Դոնեցկի ու Լուգանսկի առանձին շրջանների ներկայացուցիչների նկատմամբ: Բայց անձամբ ես դուրս կգայի»,- ասել է նախագահը:
Ուկրաինայի արևելքում իրավիճակը կարգավորելու հարցով Մինսկի համաձայնագրերը նախատեսում են զինադադար, շփման գծից ծանր զինտեխնիկայի դուրսբերում, ինչպես նաև սահմանադրական բարեփոխում, որի հիմնական տարրերը պետք է լինեն ապակենտրոնացումը և Դոնբասի հատուկ կարգավիճակի մասին օրենքի ընդունումը: Սակայն ծրագիրը դեռ չի կատարվել, քանի որ ուկրաինացի քաղաքական գործիչները հայտարարում են, որ այն խորհրդատվական բնույթի է և պարտադիր չէ: