Գերմանիայի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ չի արտահանձնի թուրք լրագրող Ջան Դյունդարին, որը Թուրքիայում 27 տարի վեց ամիս ազատազրկման է դատապարտվել լրտեսության և ահաբեկչության մեղադրանքով: Գերմանիայի ԱԳՆ-ում համարում են, որ լրագրողի դատապարտումը քաղաքական դրդապատճառ ունի՝ հայտնում է Ermenihaber-ը:
Գերմանիայի արտգործնախարարության հայտարարությունն արվել է այն բանից հետո, երբ Թուրքիայի նախագահի հասարակության հետ կապերի տնօրեն Ֆահրեթին Ալթուն Բեռլինին կոչ արեց արտահանձնել ընդդիմադիր լրագրողին:
Ավելի վաղ Գերմանիայի արտգործնախարար Հայկո Մաասը քննադատել էր դատարանի որոշումը՝ այն անվանելով «Թուրքիայում լուրջ հարված անկախ լրագրությանը», որը նա համարում է հիմնարար իրավունք: