Սյունիքի մարզի Կապան-Ագարակ գյուղ հատվածն ամբողջովին անցել է Ադրբեջանի վերահսկողության ներքո. քաղաքացիները դադարել են օգտվել այդ ճանապարհից: Ազգային ժողովում «Բարգավաճ Հայաստան» խմբակցության կազմակերպած աշխատանքային քննարկմանը հայտարարեց Կապան համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանը:
Դեկտեմբերի 17-ի, Փարսյանի բնորոշմամբ, դիրքերը թողնելու պաշտպանության նախարարության անսպասելի հրամանից անմիջապես հետո սահմանի այդ հատվածում անվտանգության հետ կապված հարցեր առաջացան:
Ըստ նրա՝ կա խնդրահարույց երեք ուղղություն՝ Կապան-Գորիս, Կապան- Ճակատեն, Կապան- Ագարակ գյուղ: Առաջին երկուսը գործում են, երրորդը՝ ոչ: Այլընտրանքային ճանապարհ կա, սակայն Փարսյանի խոսքով՝ այն ամբողջովին հիմնանորոգման կարիք ունի և մի քանի անգամ ավելի երկար է:
Բնակիչների շրջանում կա անորոշություն, հարցերը բազմաթիվ են, սակայն հստակ պատասխաններ այդ հարցերին դեռ չկան: Քննարկմանը ներկա «Լուսավոր Հայաստանից» Անի Սամսոնյանը խնդրեց հստակեցնել՝ սահմանազատման գործընթաց մարզում կա՞, թե՞ ոչ: Հիշեցրեց՝ ԱԱԾ սահմանապահ զորքերի հրամանատարի տեղակալի և վարչապետի ասածները, որ Սյունիքում սահմանազատման գործընթաց չկա:
Կապանի քաղաքապետը հայտնեց՝ իրականում Սյունիքում տարբերանշաններով սահմանազատման աշխատանքներ չեն իրականացվում: Ադրբեջանցիներն առաջարկել են դիրքավորված հատվածներից երկու կողմն էլ 100-150 մետր հետ քաշվի, որպեսզի անվտանգության գոտի ապահովվի, և զինվորներն իրար հետ շփում չունենան՝ խուսափելով նոր կոնֆլիկտներից:
Կապան համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանը պատգամավորներին առաջարկեց հանդես գալ օրենսդրական նախաձեռնությամբ, որով Սյունիքի մարզի սահմանամերձ գյուղերի բնակիչները որսորդական զենք կրելու թույլտվություն կստանան: Ըստ նրա՝ դա անհրաժեշտ անվտանգային միջոցառում է, քանի որ մարզի մի շարք գյուղեր դարձել են Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքների հետ սահմանակից:
Պատգամավորները հեռախոսով զրուցեցին Շուռնուխի համայնքապետի հետ՝ հասկանալու, թե ինչ իրավիճակ է այնտեղ։ Վերջին գործողությունը, որ մեզ մոտ կատարվել է, ճանապարհի հատվածի չափագրումն է: GPS-ով նշել ու գնացել են՝ ասաց համանքապետն ու հավելեց՝ գյուղից Ադրբեջանին տարածքներ չեն հանձնվել: Աշխատանքային քննարկմանը հրավիրվել էին նաև Կառավարությունից, «Իմ քայլից» ներկայացուցիչներ, սակայն չեն ներկայացել: