Տեսակավորված 3-ական փաթեթները 5-10 հոգանոց արցախցի ընտանիքների համար են:
Ալմաստ Եսայան («Նոր Շին» բարեգործական կազմակերպության հիմնադիր-տնօրեն) - Տասն օրը մեկ տալիս ենք: Բացի էս 3 տոպրակից՝ մտնում է նաև բանջարեղեն, միս, պանիր, կարագ, ձու: Մենք արդեն գիտենք ընտանիքներին՝ ով ինչ կարիք ունի, ում երեխան ինչ չափսի պամպերս է հագնում:
Պատերազմի առաջին իսկ օրերին ստեղծված բարեգործական կազմակերպությունը սկզբում ձեռնամուխ եղավ ռազմական գործողությունների տարածքներից տարհանված արցախցիներին կացարանով ապահովմանը, հետո աջակիցների` անհատների ու կազմակերպությունների և կամավորների ավելացող ուժերով հանձն առան նաև նրանց սննդի հոգսը:
Ալմաստ Եսայան - Մեր բոլոր կամավորներն Արցախից են, իրենք գալիս են առավոտը, մեկ տան նման, ոնց որ ընտանիքում, մեկը կշռում է, մեկը հերթապահում է, մեկը ճաշ է պատրաստում: Էս մի քանի ամիսների ընթացքում սննդով ապահովել ենք 800 հոգու: Բացի սննդից՝ մոտ 30 ընտամիքի տրամադրում ենք տան վարձ: Շատ կարիքներ կան, որ կարողանում ենք օգնել: Օրինակ՝ երեկ լվացքի մեքենա ենք գնել, մի ընտանիքի՝ հեռուստացույց:
Ալմաստը ծնունդով Արցախի Նոր Շեն գյուղից է: Ամուսինը զինվորական է, գործի բերումով 4 տարի է՝ Դիլիջանում են, որտեղ էլ ձեռնարկել են այս գործը: Դիլիջանի «Հույսի կամուրջն» էլ նրանց է հատկացրել շենքի առաջին հարկը: Ազգությամբ ռուս Սվետլանան ամերիկացի ամուսնու հետ տուն են գնել, 3 տարի է՝ ապրում են Դիլիջանում, ասում է՝ չէին կարող անտարբեր անցնել արցախցիների ցավի կողքով: Ոտքի է հանել արտերկրի բոլոր ծանոթներին, ընկերներին, գթասրտության անհավանական ալիք է սկսվել:
Սվետլանա Լեսկի (նախաձեռնության հեղինակ) - Արդեն երկու ամիս է գործնականում աշխատում ենք առավոտից երեկո, բազմազգ ընկերեներ ունեմ աշխարհի տարբեր երկրներում, և շատ հաճելի է, որ մարդիկ, որոնք չգիտեին Հայաստանի և Արցախի տեղը քարտեզին, ուղարկում էին գումար:
Այս տաք վերնահագուստն էլ Դիլիջանում կարել են հենց արցախցի կանայք` արցախցիների համար:
Ելենա Գևորկովա (բժշկուհի) - Նունեի և Վարդանի աջակցությամբ էս կուրտկաներն են կարում: Համ Արցախից եկած ժողովուրդը աշխատանք է ունենում, համ իրենց տալիս ենք էս կուրտկաները:
Ընտանիքների մեծ մասը վերադարձել է Արցախ: Գնացողներն էլ իրենց բաժին մեկամսյա սննդապաշարով են հեռանում: Մնացել են հիմնականում նրանք, ովքեր կորցրել են տուն-տեղ: Նախկին գիշերօթիկ հաստատության տանիքի տակ մի քանի տասնյակ ընտանիքներ են ապաստանել: Նրանց հերթական այցի օրն էր: Հադրութցի ուսուցչուհի Նաիրան իր մեծ ընտանիքի հետ է, ամեն ինչ թողել են այնտեղ:
Նաիրա Դանիելյան (Հադրութի բնակիչ) - Այստեղ հնարավորինն անում են, որ մեզ լավ զգանք, միակ խնդիրն է, որ աշխատատեղեր չկան:
Նորշինցիները Ամանորի գիշերը անակնալ են պատրաստել և՛ մեծերի, և՛ փոքրերի համար: Այս փաթեթների հասցեատերը նրանք են:
Ալմաստ Եսայան- Բոլոր բալիկներին խնդրել ենք գրել նամակ Ձմեռ պապիկին, և ըստ նամակի, թե իրենք ինչ են ուզում, եթե դա խաղաղության աղավնի չէ և բնակարան, բոլորը կարողանում ենք այնպես անել, որ եթե անգամ բալիկը գնում է Արցախ, իր նվերը հասցնենք Արցախ:
Ալմաստ Եսայան - Օրինակ՝ սա Ասլանյան Արամի նվերն է՝ Ստեփանակերտից: Երկու տարեկան է, ուզել է տրակտոր և օդանավ: Հաջորդ նամակը՝ Սարուխանյան Նունե, 6 տ, Շուշիից. նա էլ ուզել է «պրինցեսսայի պայուսակ»:
«Նոր Շինին» կսպասեն նաև հենց Արցախի Նոր Շենում: