ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը շրջանառության մեջ է դրվել ԱԺ որոշման նախագիծ՝ ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի լիազորությունները՝ որպես Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի դադարեցնելու մասին:
Նման նախագծի ներկայացումը «Իմ քայլը» հիմնավորում է Զոհրաբյանի՝ այդ պաշտոնում հետագա պաշտոնավարումը շարունակելու անհնարինությամբ:
Ըստ իշխող խմբակցության հիմնավորումների՝ դեկտեմբերի 17-ին Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան էջում կատարել է գրառում, որի մեջ եղել է նաև այսպիսի հատված. «Ես ատում եմ քեզ, ժեխ, որ իշխանության բերեցիր քոնմանին, ով դանդաղ փակում է մեր պետականության էջը»։
Հիմնավորման 2-րդ կետում նշվում է, որ դեկտեմբերի 22-ին էլ Նաիրա Զոհրաբյանը նույն էջում գրել է. «Մեր երկրի թիվ 1 խնդիրը տգիտությունն է: Նիկոլի ու Նիկոլիզմի ավարտից հետո մենք, եթե կուզեք, այո, բռնի ուժով պիտի կրթենք նաև հասարակության էդ հատվածին, որ այլևս որևէ ընտրության ժամանակ չգնա ու իր հայելային արտացոլանքին չբերի իշխանության: Ես ժեխին հայրենիք չեմ տալու: Հիմա ես լինելու եմ Հանրապետության հրապարակում Նիկոլից ու ժեխից իմ հայրենիքը փրկելու համար: Ժեխը իմ երկրում այլևս ոչինչ չի որոշելու: Ու եթե պետք լինի, այո, մինչև կրթական որոշակի ցենզի հասնելը ժեխին պիտի զրկել որևէ կարգի որոշում կայացնելու և առաջին հերթին ընտրելու իրավունքից: Ու բռնի ուժով տանել կրթելու: Սա այլևս ազգային անվտանգության լրջագույն հարց է: Սա այլևս տեսակի կռիվ է, ժողովրդի ու ժեխի կռիվ: Ո՞ր տեսակը կհաղթի՝ էնպիսի պետություն էլ կունենանք: Մենք ժեխապետություն չենք ունենալու: Վստահ եղեք»:
«Այսպիսով՝ ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի վերը հիշատակված գրառումներից և հրապարակային խոսքից պարզ է դառնում, որ պատգամավորի կողմից արվում են Սահմանադրությամբ ամրագրված մարդու՝ որպես բարձրագույն արժեք անօտարելի արժանապատվությունը ոտնահարող, նվաստացնող և վիրավորանք պարունակող հայտարարություններ, ինչպես նաեւ Սահմանադրությանը ուղղակի հակասող դասակարգումներ մարդկանց միջև, ավելին՝ այդ դասակարգմամբ պայմանավորելով վերջիններիս Սահմանադրությամբ ամրագրված հիմնարար ընտրելու իրավունքի իրացումը:
Վերոնշյալն ակնբախ է դարձնում, որ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը չի կարող լինել մի հանձնաժողովի նախագահ, որի գործունեության առանցքը մարդու իրավունքների պաշտպանությունն է»,- ասվում է նախագծի հիմնավորման մասում: