Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշն այս տարվա հունվար-նոյեմբեր ամիսներին նվազել են 7.2 տոկոսով. 1lurer.am-ը տեղեկացավ ՀՀ վիճակագրական կոմիտեից:
0.2 տոկոսով նվազել է արդյունաբերական արտադրության ծավալը, 11.2 տոկոսով՝ շինարարությունը, 13.5 տոկոսով՝ առևտրի շրջանառությունը, 13.6 տոկոսով՝ ծառայությունների ծավալը: Անկում է արձանագրվել նաև արտաքին առևտրաշրջանառության ոլորտում՝ 12.4 տոկոս, ներմուծման ծավալը նվազել է 15.9, արտահանման ծավալը՝ 5.2 տոկոս: Ըստ վիճակագրական կոմիտեի՝ աճ է արձանագրվել էլեկտրաէներգիայի արտադրության ոլորտում՝ 1.8 տոկոս, իսկ միջին անվանական աշխատավարձը՝ 4.2 տոկոս:
Նկատենք՝ եթե 11 ամսվա կտրվածքով տնտեսական ցուցանիշներն անկում են արձանագրել, ապա նոյեմբերին՝ հոկտեմբերի համեմատ, որոշակի աճի միտումներ են նկատվում: Նոյեմբերին նախորդ ամսվա համեմատ արդյունաբերական արտադրանքի ծավալն աճել է 4 տոկոսով, շինարարությունը՝ 10 տոկոսով, առևտրի շրջանառությունը՝ 1 տոկոսով, էլեկտրաէներգիայի արտադրությունը՝ 1.9 տոկոսով: Սակայն անկում է արձանագրվել արտաքին առևտրաշրջանառության ոլորտում՝ 5 տոկոսով, որից՝ արտահանումը՝ 9.4 տոկոսով, ներմուծումը՝ 2.6 տոկոսով, իսկ ծառայությունների ծավալը պակասել է 2.8 տոկոսով: