ՀՀ ՏԿԵՆ «Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ը տեղեկացնում է, որ ձյան տեղումների ժամանակ ճանապարհները մաքրվում են, երբ ծածկի արտաքին շերտը 3-4 սմ-ից ավելի է։ Մաքրմանը հաջորդում են աղով և ավազով մշակման աշխատանքները։ Երկարատև ձյան տեղումների ժամանակ գործընթացը կատարվում է պարբերաբար։
-7С°-ից ցածր ջերմաստիճանի դեպքում աղը կորցնում է հալոցք առաջացնելու իր հատկությունը‚ և աղավազային խառնուրդն այլևս չի ծառայում իր նպատակին։ Այս պարագայում օգտագործվում է ավազ և խարամ (շլակ), որի տարածումը ձյան շերտի վրա ավելացնում է ավտոմեքենաների անվադողերի հպումը ճանապարհածածկին։
Եղանակային կանխատեսումներին հետևելով՝ հնարավոր է որոշակիորեն կանխարգելել ճանապարհի սառցակալումը, սակայն անհնար է որոշել տեղումների քանակը։ Եղանակային շատ ցածր ջերմաստիճանի դեպքում ճանապարհի սառցակալումը հնարավոր չէ կանխել, քանի որ ձնամաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներից հետո ժամանակ է հարկավոր, որպեսզի ձյան շերտը, անիվների հետ շփվելով, աշխատի և սկսի հալվել։
Բքի պայմաններում ճանապարհների մաքրման և մշակման աշխատանքներն արդյունավետ չեն, քանի որ բքի ժամանակ մաքրված ճանապարհն անընդհատ ծածկվում է ձյան բերվածքներով, իսկ աղ-ավազի խառնուրդն անհետանում է քամու հոսանքի հետ։ Բացի դրանից՝ բքի ժամանակ տեսանելիությունը գրեթե հավասարվում է 0-ի։
«Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ը հորդորում է վարորդներին չխոչընդոտել ձմեռային սպասարկում իրականացնող կապալառու կազմակերպությունների աշխատանքներին և հետևել բոլոր հրահանգներին։ Այդպիսով կազմակերպությունների աշխատակիցներն ավելի արագ և դյուրին կիրականացնեն ձնամաքրումն ու աղով-ավազով մշակումը։
Նշենք‚ որ միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհների վերաբերյալ օպերատիվ տեղեկատվություն հնարավոր է ստանալ՝ զանգահարելով 010 56-25-33 շուրջօրյա գործող հեռախոսահամարին, ինչպես նաև հետևելով «Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ի պաշտոնական կայքին (
https://armroad.am/am) կամ ֆեյսբուքյան սոցիալական էջին (
https://www.facebook.com/armroad.am)։