Գերությունից վերադարձած Նարեկին գիշերը հայրենի Շահումյան գյուղում այսպես են դիմավորել:
Իսկ առավոտյան Նարեկն արդեն բակի ձյունն էր մաքրում, ճանապարհ բացում աչքալուսանքի եկող հարևան-բարեկամների համար։
Պատերազմը Նարեկի կյանքը երկու մասի բաժանեց։ 56 օր Բաքվի բանտում է եղել՝ մոբի և 7 կամավորականի հետ։ Իրենց խմբի ամենաերիտասարդն էր։ Մոտ երկու ամիս առաջ էր զորակոչվել։ Մատաղիսում էր։ Հոկտեմբերի 3-ին նկատել է ծանր վիրավորված ընկերոջը։ Օգնել է, դուրս է հանել կրակի տակից, ինչի պատճառով հետ է մնացել վաշտից։ Բարեբախտաբար, հանդիպել է կամավորականներին։
Նարեկ Ներսիսյան - Ասացին՝ նույն տեղն ենք գնում, մեզ հետ արի: Իջանք, մի բունկեր կար, ասացինք՝ 20 րոպե հանգստանանք, նոր գնանք։
Փոքր-ինչ հանգստանալուց հետո, երբ դուրս են եկել, որ առաջ շարժվեն՝ մոլորվել են։ Ստիպված նորից հետ են գնացել բունկեր։ Ու, մինչև շարժման ուղղությունը գտնելու փորձեր են արել, թշնամին է իրենց գտել։ Մոտ 20 օր թեժ կռիվ են տվել։ Հասկանալով, որ ևս մի քանի օր պաշտպանվելուց հետո մեր տղաների զինամթերքը կվերջանա, ադրբեջանական կողմը բունկերն անընդհատ կրակի տակ է պահել։
Նարեկ - Հոկտեմբերի 22-ին մտանք բունկեր, նորից կռվեցինք, բայց արդեն զինամթերքը վերջացավ: Միանգամից տարան Բաքու։
Ռուդիկ Ներսիսյան (Նարեկ Ներսիսյանի հայրը) - Մի պահ զգում էի, որ կյանքս վերջացավ, բայց մտածում էի՝ բա որ երեխաս գա, ո՞ւմ է տեսնելու:
Տղայի գերեվարության մասին ծնողներն իմացել են համացանցից։
Բազմաթիվ դռներ են թակել։ Դիմել են իրավապաշտպաններին, Կարմիր խաչին:
Արփինե Իգիթյան (Նարեկ Ներսիսյանի մայրը) - Արտակ Զեյնալյանը զբաղվել է իր գործով, դիմել ենք Կարմիր խաչ, նոյեմբերի 13-ին Կարմիր խաչը նամակ բերեց։
Նամակը գոտեպնդել է հարազատներին։ Գնացող-եկող ցանկացել է կարդալ ճիշտ է՝ ուրիշի, բայց այս դեպքում՝ հույսի նամակը։ Նարեկի մայրը չի էլ հիշում՝ քանի անգամ է վերընթերցել, համբուրել ու արցունքներով թրջել թղթի կտորը, որի միջոցով իր մինուճար տղան հույս էր տալիս, որ մինչև Նոր տարի տանն է լինելու։
Նարեկ - Կային մարդիկ, որ գալիս, ասում էին՝ հանգիստ, ձեզ փոխանակելու են, մինչև նոր տարի տանն եք լինելու։
Արփինե - Փայլ է եկել երեսներիս, մեռնեմ ջանին:
Գերեվարության մանրամասների մասին Նարեկը լռում է։ Բայց, ասում է, վերաիմաստավորել է կյանքը, հասկացել, թե ինչ է հայրենիքի կարոտը, ու մի պահ մտածել է՝ բա որ այդ կարոտը երկարի՞:
Նարեկ - Իրենք որ քայլում ու ադրբեջաներեն էին խոսում, երազում էի՝ հայերեն խոսելով գնային-գային, որ մեր հայրենիքում լինեինք, ազատությունից զրկված, բայց հայրենիքում լինեի, հային էի կարոտում։
Ձեռքին բնածին մեծ խալ ունի։ Ադրբեջանցիներին նույնիսկ դա է հետաքրքրել։
Նարեկ - Հարցրին՝ դա ի՞նչ է, ռուսերենով չգիտեի՝ խալը ոնց են ասում: Պարզվեց՝ ադրբեջաներեն էլ է խալը՝ խալ։
Բարի և ժպտադեմ Նարեկին իրենց համայնքում բոլորն են սիրում։ Հարազատները միայն ցանկանում են, որ ապրածն ու զգացածը հետևանք չթողնի։ Բոլորին ասում է՝ ֆիզիկապես լավ է, հոգեպես էլ՝ աստիճանաբար կկազդուրվի։ Վստահ է՝ մեկամսյա արձակուրդի ընթացքում ծնողների և քրոջ հետ շփվելով՝ կմոռանա ինչպես Բաքվի բանտը, այնպես էլ դրան նախորդած դժվարությունները։