44-օրյան բազմաշերտ և ժամանակակից միջոցներով հագեցած պատերազմ էր. այն դժվար է համեմատել 90-ականների արցախյան պատերազմի հետ: Առաջին ընդհարումներին զուգահեռ սկսվեցին փոխհրաձգություններ նաև վիրտուալ տիրույթում: Այդպես մեկնարկեց նոր կիբեռպատերազմը Հայաստանի և Ադրբեջանի միջև:
Ադրբեջանական հաքերների գլխավոր ձեռքբերումը դարձավ կառավարական ներքին ցանցի ճեղքումը, ինչի հետևանքով հակառակորդը կարողացավ ստանալ մոտ 55 տերաբայթի տեղեկատվություն: Ի պատասխան՝ հայկական կիբեռբանակը հարձակվեց ադրբեջանական բանկային համակարգի վրա: Խմբերից մեկին հաջողվեց կոտրել բանկերի տվյալների բազան և մոտ 520 հազար հաճախորդի անձնական տվյալների արտահոսք իրականացնել։ Կողմերը նաև փոխադարձ տեղեկատվական գրոհներ սկսեցին:
Անահիտ Պարզյան, Կիբեռանվտանգության փորձագետ - Մենք ունեցանք տեղեկատվության արտահոսք: Եթե ունեցել ենք տեղեկատվության արտահոսք, դա նշանակում է, մենք ունենք խոցելի կետեր: Արդյո՞ք մենք կատարեցինք հետաքննություն: Արդյո՞ք պարզեցինք մեր խնդիրները: Արդյո՞ք ախտորոշեցինք այդ խնդիրները և փակեցինք դրանք:
Պատերազմից հետո կիբեռանվտանգության, ինչպես և այլ ոլորտներում, հարցերը շատ են: Պատասխանները՝ դեռ սահմանափակ: Տեղեկատվական տեխնոլոգիաներին զուգահեռ՝ Հայաստանում տվյալների պահպանման և պաշտպանության առումով ձեռնարկվել են որոշակի քայլեր: Սակայն այդպես էլ չի ստեղծվել կիբեռանվտանգության միասնական կենտրոն, իսկ հայկական կիբեռբանակի հաջողությունները պայմանավորված են հիմնականում անհատների ջանքերով: Մինչդեռ Հայաստանում պետական կառույցների կիբեռ-անվտանգության ապահովումն ազգային անվտանգության տիրույթում է: Մասնագետները վստահ են՝ տարբեր կառույցներ ունեն պաշտպանվածության տարբեր աստիճան:
Լեոնիդ Ավետիսյան, «Էկենգ» ընկերության տնօրեն - Մենք ունենք փայլուն լուծումներ մեր ֆինանսական հատվածում: Ունենք հետաքրքիր լուծումներ կադաստրում, կառավարո(թյունում և այլ տեղեր:
Հայաստանի պետական կառույցներում գործում է տվյալների այնպիսի համակարգ, երբ մեկ կազմակերպությունը կարող է տվյալներ ստանալ մեկ այլ կառույցից՝ քաղաքացիներին ավելի արագ ծառայություն մատուցելու համար: Այդ համակարգը մոտ ապագայում պաշտպանվածության այլ մակարդակ կունենա:
Տիգրան Առուշանյան, «Էկենգ» ընկերության ՏՏ բաժնի պետ - Ձեռք ենք բերում ծրագրային լուծումներ, սարքավորումներ:
Կիբեռտիրույթում անխոցելի համակարգեր չկան: Դրանք լավ, կամ վատ պաշտպանված են: Միացյալ Նահանգներում, օրինակ, պաշտպանական համակարգը եռաշերտ է: Հայաստանում այն նոր պետք է ձևավորվի:
Վերջին պատերազմը ջրի երես հանեց նաև կիբեռանվտանգային խնդիրները: Մասնագետների խոսքով՝ բացի ընդհանուր համակարգից, այժմ անհրաժեշտ է մշակել նաև ոլորտը կարգավորող ընդհանուր օրենսդրություն: