Կառավարության այսօրվա նիստին արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն անդրադարձավ Քաղաքացիական օրենսգրքում և «ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողի կյանքին և առողջությանը պատճառված վնասի հատուցման մասին» օրենքում փոփոխությունների նախագծերին:
«Գործող օրենսդրությամբ անհայտ բացակայող ճանաչելու համար անհրաժեշտ է, որպեսզի վերջին մեկ տարվա ընթացքում գտնվելու վայրի մասին հայտնի չլինեն տեղեկություններ: Մենք զինծառայողների համար՝ ռազմական գործողություններով պայմանավորված, բացառություն ենք սահմանում՝ հատուկ կարգավորում, և այդ ժամկետը կրճատում ենք՝ դարձնելով երեք ամիս: Կարգավորումը հետադարձ ուժով տարածվելու է սեպտեմբերի 27-ից հետո ծագած հարաբերությունների նկատմամբ, ինչը նշանակում է, որ ընտանիքի անդամները, շահագրգիռ անձինք կարող են դիմել դատարան անհայտ բացակայող ճանաչելու համար և դատական ակտը օրինական ուժի մեջ մտնելուց անմիջապես հետո դիմել հատուցման հիմնադրամ՝ անհայտ բացակայող ճանաչելու փաստի հիման վրա հատուցում ստանալու նպատակով»,- ասաց Բադասյանը:
Ինչ վերաբերում է հաջորդ փոփոխությանը, ըստ նախարարի, եթե գործող կարգավորումներով դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելուց հետո վեց ամիս պետք է անցնի, որպեսզի հատուցումը տրամադրվի, ապա նախատեսվում է այդ ժամկետը կրճատել: