Պաշտոնական լիազորությունները չարաշահելու և փողերի լվացման համար ՀՀ քննչական կոմիտեն մեղադրանք է առաջադրել մշակույթի նախկին նախարար Հասմիկ Պողոսյանին։ 2006 թվականին նախարար Պողոսյանը, լինելով «Արտասահմանյան երկրների հետ մշակութային համագործակցության հայկական հասարակական կազմակերպության» փոխնախագահ, Երևանի Աբովյան 3 հասցեում գտնվող և հասարակական կազմակերպությանը անհատույց իրավունքով տրամադրված հողամասը դարձրել է կազմակերպության սեփականությունը՝ չնայած օրենքի սահմանափակմանը։
Այս գործում, ըստ կոմիտեի, նախկին նախարարին օժանադակել է կազմակերպության նախագահ, իսկ այնուհետև Իսրայելում Հայաստանի դեսպան Արմեն Սմբատյանը։ Իրավապահների փոխանցմամբ՝ 201 միլիոն դրամ արժեքով շենքն ու հողամասը, նախ որպես ավանդ ներդվել են ԱՕՔՍ-ի խորհրդի որոշմամբ հիմնադրված ընկերության կապիտալում, ապա սեփականաշնորհել և ստեղծված ՍՊ-ի 100 տոկոս բաժնեմասը 550 հազար դոլարով ձևական գործարքի միջոցով օտարել են օֆշորում՝ բրիտանական Վիրջինյան կղզիներում գրանցված, Հասմիկ Պողոսյանի բարեկամին պատկանող ընկերությանը։ Նախկին նախարարի նկատմամբ հայտարարվել է հետախուզում, իսկ գործում որպես մեղադրյալ ներգրավված Արմեն Սմբատյանը 20 միլիոն դրամ գրավով կալանքից ազատ է արձակվել։
Պողոսյանը մշակույթի նախարար է եղել 10 տարի՝ 2006-2016 թթ.՝ գործադիրում աշխատելով հիմնականում Սերժ Սարգսյանի իշխանության օրոք ու հենց նրանից է ստացել պետական բարձր պարգևներ՝ 2011-ին Մովսես Խորենացու, 2015-ին էլ «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալներ։ Մշակույթի ոլորտը համակարգող նախարարի պաշտոնը Պողոսյանը թողել է 2018-ի փետրվարի՝ նշանակվելով նախագահի խորհրդական։