ՅՈՒՆԵՍԿՕ-ի կրթության միջազգային բյուրոյի խորհրդի 70-րդ առցանց նստաշրջանի նիստին ողջույնի խոսքով հանդես է եկել ՅՈՒՆԵՍԿՕ-ի կրթության հարցերով գլխավոր տնօրենի տեղակալ Ստեֆանիա Ջիաննինին, իսկ նախագահությունն իրականացրել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության արտաքին կապերի և սփյուռքի վարչության պետ Արկադի Պապոյանը:
Նիստին ընդունվել է 2020 թվականին իրականացված գործողությունների և ֆինանսական հաշվետվությունը: Գործողություններն իրականացվել են հետևյալ ուղղություններով՝
-
ուսումնական ծրագրերի, ուսուցման, դասավանդման և գնահատման խնդիրներ, նորարարություն և առաջնորդություն.
-
կրթության և ուսուցման որակի ու համապատասխանության համակարգային հզորացում.
-
գիտելիքի ստեղծում և կառավարում.
-
ինստիտուցիոնալ և կառուցակարգային զարգացում:
Նիստին քննարկվել է նաև միջնաժամկետ հատվածի ռազմավարության նախագիծը, և հաստատվել 2021 թվականի գործողությունների ծրագիրը, որոնք բխում են Կայուն զարգացման նպատակ 4-ի թիրախներից:
Ծրագիրը ներառում է ռազմավարական 6 հիմնական ուղղություններ՝
-
ազգային և տարածաշրջանային կարողությունների հզորացում՝ ուղղված կրթակարգի մշակմանը.
-
աջակցություն զարգացող պետություններին հիբրիդային ուսումնառության և թվային կրթական ծրագրեր ներդնելու նպատակով՝ նպաստելով հեռավար ուսուցման արդյունավետ կազմակերպմանը և թվային գրագիտության բարձրացմանը.
-
աջակցություն զարգացող երկրներին՝ բարելավելու վաղ մանկական զարգացման և կրթության կազմակերպման կրթական ծրագրերը.
-
կրթակարգի (ուսումնական ծրագրերի) հիմնահարցերին վերաբերող հետազոտությունների արդյունքների տարածում՝ ուղղված անդամ պետությունների կարողությունների հզորացմանը.
-
կրթության միջազգային բյուրոյի գործընկերային համագործակցության և գործընթացների տեսանելիության վերափոխում:
Նիստին քննարկվել են նաև 2021 թվականին կայանալիք 71-րդ նստաշրջանի անցկացման ժամկետները և օրակարգային մի շարք հարցեր: ՅՈՒՆԵՍԿՕ-ի կրթության միջազգային բյուրոյի խորհրդի 70-րդ նստաշրջանի որոշումը կհրապարակվի 2021 թվականի հունվարին: