Երեխաների դաստիարակությունը նաև դպրոցից դուրս պիտի շարունակվի, նաև արվեստով ու հեքիաթներով՝ որոշեցին Վանաձորի պետական թատրոնում ու կարճ ժամանակում բեմադրեցին «Կախարդական փոշին» հեքիաթը: Վանաձորի թատրոնում մանկական ներկայացումներ բեմադրելու հարուստ ավանդույթներ կան:
Արամ Մխիթարյան (բեմադրող ռեժիսոր) - Հանրապետության առաջին թատրոնն է եղել, որ սկսել է ամանորյա ներկայացումների շարք, որը սկսվել է 73-74 թվականներից:
Դերասանական խաղ, երգ-պար, պլաստիկա, գույներ, լույսեր, մի խոսքով՝ թատերական հրաշք, ինչը երեխաներին հնարավորություն կտա զվարճանալ և ստանալ բարության ու մարդկայնության դասեր: Այս ներկայացման մեջ Բաբա Յագան այնքան էլ Բաբա Յագա չէ, և նույնիսկ նա է մտահոգ անտառում տիրող վատ բարքերով և փորձում է իր լուման բերել դրանց հաղթահարման գործին:
Նունե Խեչումյան (դերասան) - Եթե մենք այսօր պայքարում ենք այնպիսի համավարակի դեմ, որ մարդկային կյանքեր է տանում, մեր ներկայացման մեջ մենք պայքարում ենք ագահության համավարակի դեմ, քանի որ եթե առողջական խնդիրները դեղամիջոցներով կարող են բուժվել, ապա հոգևոր համաճարակն ավելի զզվելի է լինում, քան առողջականը:
Թատրոնը երկար ընդմիջումից հետո կարողացավ շարունակել առաքելությունը: Դերասանական խումբն էլ հոգեբանական խնդիրներ ուներ՝ դժվարին այս օրերին բարձրանալ բեմ ու հաղթահարել նաև իրենց պատած մասնագիտական ու հոգեբանական բարդույթը: Ստեղծագործական թիմը այս ներկայացումը մի պարզ հոգեբանական թեստ է համարում նաև հանդիսականի համար:
Նունե Խեչումյան - Սա նաև ստուգում է մեզ համար, թե որքանով է հասարակությունը պատրաստ այս դժվար օրերին մի փոքր հեռանալ դժվար խնդիրներից, չեմ կարող ասել՝ մոռանալ, բայց մի փոքր ուրախություն մտցնել իրենց երեխաների առօրյայի համար:
Ներկայացման ավարտին անտառում բարություն են հաստատվում, ներդաշնակություն, արդարություն ու համերաշխություն:
Ժիրայր Գաբրիելյան (դերասան) - Աշխատում էինք այնպիսի պիես ընտրել, որ ժամանակի հետ համահունչ լինի, կարծում եմ՝ հանդիսականը կվկայի, որ ստացվել է: Շատ դժվար է այս իրավիճակում խաղալ, ուրախացնել, պարել, երգել բեմում, սակայն թատրոնի ղեկավարությունը գտավ, որ պետք է ունենալ ներկայացում և ինչ-որ չափով ամանորյա հրաշքն ապահովել երեխաների հետ:
Կայացել է ներկայացման փակ դիտումը: Վաղվանից թատրոնի դռները բաց են հանդիսատեսի առաջ, հոգ են տանելու, որ երեխաները դահլիճում պահպանեն սոցիալական հեռավորությունը, նվազեցնեն միմյանց հետ շփումները: Ճիշտ այնպես, ինչպես հրահանգավորում է առողջապահության նախարարությունը: