Տիգրան Մեծի-Մելիք Ադամյան խաչմերուկը փակելով ու կառավարության շենքը շրջափակելով էլ ընդդիմադիր ուժերը սկսեցին օրվա անհնազանդության միջոցառումները:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող ու կառավարության նիստը բոյկոտող ընդդիմադիր ուժերը ժամերով փակ պահեցին շենքի երկու մուտքերը: Մի պահ իրավիճակը լարվեց՝ հասնելով քաշքշուկի:
Ցուցարարներին մոտեցան անհետ կորած զինծառայողների ծնողներ, կոչ արեցին դադարեցնել ապակայունացնող գործողությունները:
Կառավարության ներսում նիստն էր, դրսում՝ հրաժարականի կոչերը: Իսկ դաշնակցական Արծվիկ Մինասյանից հետո ելույթ ունեցող քաղաքացին հայտարարեց՝ ճանապարհը ռազմական հեղաշրջումն է:
Քաղաքացի - Մենք այդքան թո՞ւյլ ենք, որ ասենք՝ Նիկո՛լ, հեռացի՛ր: Նիկոլին պետք է գահընկեց անել: Ես կոչ եմ անում, որ գնանք զինված հեղաշրջման: Նիկոլականներին պետք է զենքով հեռացնենք:
Քաղաքացին ելույթ ունեցավ-վերջացրեց, հետո խոսափողը կրկին վերցրեց դաշնակցական Արծվիկ Մինասյանը: Ասաց՝ բռնությանը դեմ է ու մեղադրեց այսօրվա իշխանությանը:
Արծվիկ Մինասյան (ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ) - Այո,՛ մենք դեմ ենք բռնությանը, բռնության սպառնալիքին, բայց այդ բռնությունը քարոզում է իշխանությունն ինքը՝ ամեն օր, ամեն վայրկյան և ամեն պահի: Ցավոք սրտի, էդ իշխանությունը, որ բռնության հիմնական կրողն է դարձել:
Ռազմական հեղաշրջման կոչին արձագանքեց Մարդու իրավունքների պաշտպանը: Արման Թաթոյանը նախ շեշտեց, որ ընդդիմության առաջնորդներից մեկը դատապարտել է երևույթը, հետո հավելեց՝ ինքը նույնպես դեմ է բռնությանը:
ՄԻՊ - Այսօր զանգվածային ակցիաներից մեկի ժամանակ հնչել է ելույթ, որում խոսվել է զենքով հարցեր լուծելու մասին ու հնչել են զինված հեղաշրջման կոչեր: Թեև դրանից անմիջապես հետո ընդդիմության առաջնորդներից մեկն արդեն իր խոսքում շեշտել է, որ բռնությունն անթույլատրելի է, և հարցերը պետք է լուծվեն միայն սահմանադրական ճանապարհով, այդուհանդերձ, նկարագրվածը խիստ դատապարտելի ու բացարձակ անթույլատրելի երևույթ է:
Ռազմական հեղաշրջում շարժումը չի կարող անել, դա զինվորականների գործն է: Քաղաքացու հնչեցրած կոչին ընդդիմության միասնական թեկնածու Վազգեն Մանուկյանի արձագանքն է:
Դաշնակցական Իշխան Սաղաթելյանի կարծիքով՝ իրենց ցույցերին մասնակցող քաղաքացիները կարող են տարբեր տեսակետներ ունենալ, մի մասի հետ կարող են համաձայն լինել, մյուսի հետ՝ ոչ:
Հայտարարություն անողը «Թալին» ջոկատի հրամանատար, նախկին դաշնակցական Սարգիս Կարապետյանն է, որին ոստիկանությունը ձերբակալել է: Գլխավոր դատախազությունը հայտնում է՝ հարուցվել է գործ Քրեական օրենսգրքի 301-րդ հոդվածի՝ իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն և սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային հեղաշրջման կոչերի հատկանիշներով:
Ընդդիմադիրներն ասում են՝ որպեսզի իշխանության հեռացման գործընթացը տեղի ունենա քաղաքակիրթ ճանապարհով, ժողովուրդը պետք է ոտքի կանգնի:
Ցույցը ղեկավարողներից դաշնակցական Գեղամ Մանուկյանի պնդմամբ՝ դատախազությունը պարտավոր է վարչապետին պատասխանատվության ենթարկել:
Գեղամ Մանուկյան (ՀՀ Դաշնակցության ԳՄ անդամ) - Մեր իրավաբանները տևական ժամանակ պատրաստել են հատուկ թղթապանակ՝ Նիկոլ Փաշինյանի նկատմամբ քրեական գործ հարուցելու, իրավական պատասխանատվության կանչելու:
Վարչապետի հրաժարականը պահանջող քաղաքացիները երթով գնացին Գլխավոր դատախազության մոտ, հետո վերադարձան Հանրապետության հրապարակ՝ շարունակելով նստացույցը: