Արցախի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության գործընկեր կառույցների միջև վերջին ամիսներին ձեռք բերված համագործակցությունն օր օրի ավելի է ամրապնդվում:
Արցախում փրկարարական առաքելությունն ավելի դյուրին դարձնելու համար արտակարգ իրավիճակների պետական ծառայայության նյութատեխնիկական բազան այսօր Ռուսաստանի Դաշնության աջակցությամբ համալրվեց նոր ու ժամանակակից տեխնիկայով:
ԱԻ պետական ծառայության տնօրեն գեներալ-մայոր Կարեն Սարգսյանը՝ Արցախում ՌԴ ԱԻՆ համահավաք խմբավորման ավագ, գնդապետ Վադիմ Գարշենի ուղեկցությամբ ծանոթացել է ստացված ավտոտեխնիկայի հնարավորություններին:
Ծառայության տնօրենը վստահություն է հայտնել, որ այս հատուկ մեքենաներով ծառայության աշխատանքը կդարձնեն ավելի անվտանգ ու արագ:
Ռազմագործողությունների ընթացքում բազմիցս թիրախավորվել և վնասվել էր նաև ԱԻՊԾ վարչական տարածքը, միաժամանակ տեխնիկան: Այդ հարցով Կարեն Սարգսյանը դիմել էր Ռուսաստանի Դաշնությանը, և պատասխանը չի ուշացել:
Այսօր ծառայության տեխնիկական պարկը համալրվել է արդի չափանիշներին համապատասխան «ԿամԱԶ» և «Ուրալ» մակնիշի բազայի հիմքի վրա ստեղծված հրշեջ փրկարարական 6 ավտոցիստեռնով, բարձր անցանելիությամբ (ամենագնաց) 4 հատ «ՈՒԱԶ ՀԱՆՏԵՐ» մակնիշի ավտոմեքենաներով, մեկ «ԿամԱԶ» ավտոկռունկով:
Բացի այդ, համագործակցության շրջանակներում ՌԴ-ը հետպատերազմյան Արցախում հումանիտար աջակցության տարբեր ծրագրեր է իրականացնում, որի շրջանակում պատերազմից ավերված ենթակառուցվածքների վերականգնման համար տրամադրվել են անհրաժեշտ քանակի շինանյութ, կահույք, կապի որակի բարձրացման համար էլեկտրալարեր, ինչպես նաև 100 կվտ հզորությամբ գեներատորներ ու դաշտային խոհանոց:
Ռուս սակրավորական ջոկատները ևս ընդգրկված են Արցախում ականազերծման ու այլ փրկարարական աշխատանքներում:
Կարեն Սարգսյանը Արցախի Հանրապետության իշխանությունների, ժողովրդի, ինչպես նաև արտակարգ իրավիճակների պետական ծառայության ամբողջ անձնակազմի և անձամբ իր անունից խորին երախտագիտություն է հայտնել ՌԴ նախագահ Վլադիմիր Վլադիմիրովիչ Պուտինին, ՌԴ արտակարգ իրավիճակների նախարար Եվգենի Զինիչևին, փրկարարական կազմավորումների դեպարտամենտի տնօրեն գեներալ-լեյտենանտ Իգոր Կուտրովսկուն և, իհարկե, որոնողափրկարարական աշխատանքներին միջամտելու և կազմակերպելու համար առանձնապես շնորհակալություն է հայտնել Արցախում խաղաղապահ առաքելության զորակազմի հրամանատար գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովին: