Վանիկ Հակոբյանն Արցախը պաշտպանում էր մարտական դիրքից, որը 2016-ի ապրիլին կյանքով պահեցին Արմենակ Ուրֆանյանը, Քյարամ Սլոյանը, Ռոբերտ Աբաջյանն ու Անդրանիկ Զոհրաբյանը: Հակառակորդին չհաջողվեց գրավել կարևոր բարձունքը:
Վանիկ Հակոբյան, Արցախյան պատերազմի մասնակից - Իրենք իրենց կյանքն են զոհել մեզ համար, մենք էլ փորձում էինք նույնն անել իրենց հարազատների ու մեր հարազատների համար:
Հոկտեմբերի 21-ին խրամատում էր: Ադրբեջանական երեք անօդաչուից կարողացավ պաշտպանվել, չորրորդի հարվածից ծանր վիրավորվեց:
Վանիկ Հակոբյան - Hողի մեջ էի, այդ հողը լցվեց վրես, դա պահեց, որ շատ չվնասվեցի:
Դիրքի տղաներն են հանել կրակից: Գնդացրորդ Հակոբյանը միայն վախենում էր՝ թշնամին չպայթեցնի իրեն հոսպիտալ տանող մեքենան:
Ծովինար Համբարձումյան, դիմածնոտային վիրաբույժ - Վանիկին այդ օրն այս մեքենայով բերեցինք, հիշում եմ՝ վարորդն Արմենն էր, բուժակը՝ Էրիկը Թելյան: Հաստատ ինքն է, չեմ շփոթի:
Մեքենան տեսավ՝ բժշկուհի Ծովինարը վերհիշեց վիրավորների կյանքի փրկության ամբողջ ճանապարհը: Վանիկի վիճակն ամենածանրն էր:
Ծովինար Համբարձումյան - Իր մամայի համարը հավաքեցինք, սկզբից ինքը խոսեց, ասեց՝ էլ չեմ կարողանում, տվեց ինձ, ասացի՝ վիրավոր է, տեղափոխում ենք Երևան: Չեմ մոռանա իր մամայի ձայնը: Լաց չէր, ահավոր էր:
Կամավոր ճակատ մեկնած բժշկուհին նույն օրը երկու վիրավորի է Երևան հասցրել, փրկել նրանց կյանքը: Վանիկ Տելեմաքյանի վիճակն ավելի թեթև էր, իսկ ալավերդցի զինվորը Երևանում է միայն իմացել, որ ոտքը թողել է պատերազմում:
Վանիկ Հակոբյան - Քունս տանում էր, հետս խոսում էր, հարցեր էր տալիս, որ չքնեմ, որովհետև եթե քնեի, կարող էի չարթնանալ:
Ծովինար Համբարձումյան - Երկու կողմից ֆիզ էր միացրած: Ճնշումը չէր պահում, անընդհատ բարձրացնում էինք, նոր էր ամպուտացվել, մեզ համար առանց թթվածին դժվար էր տեղափոխել: Նստած, անընդհատ հարցեր էի տալիս:
Երկրորդ կուրսի օրդինատորները վիրավորների հոսքը տեսել, կամավորագրվել են: Առաջին տեղափոխած վիրավորը 50 տոկոս այրվածք ուներ:
Ծովինար Համբարձումյան - Սարոյան Արթուրն ասում էր՝ բժշկուհի, ես ինձ լավ եմ զգում, ինձ վիրակապեք, բարդ բաներ չգրեք, որ կարողանամ հետ գնալ, ընկերներս սպասում են, իմ կարիքը կա: Իր պայքարը, քաջությունը, զարմանում էի, ինչպե՞ս կարող է այդպես լինել: Հասկացա, որ բոլորն են այդպիսին:
Պատերազմը փոխել է միայն ալավերդցի զինվորի մասնագիտության ընտրությունը՝ արհեստավորի փոխարեն կընտրի ծրագրավորումը:
Վանիկ Հակոբյան - Ծովինար ջան, դու ճիշտ էիր, ամեն ինչ լավ է, ես արդեն լավ եմ:
Պատերազմի շտապօգնությունը բոլորին Ստեփանակերտից հասցրել է Երևան՝ փրկելով նրանց կյանքը:
Ծովինար Համբարձումյան - Կուզեմ գտնեմ բոլորին, որոնց տեղափոխել եմ, նրանց համարում եմ մի ընտանիք:
Ծովինարը կցանկանար իմանալ ոտքերը փշրված կամավորականի մասին: Եթե կարիք լինի, բժշկուհին պատրաստ է հիմա էլ օգնության հասնել: