Չհաջողված մարզական 2020-ում ամենաշատը տուժողների թվում էին հենց պատանի ու երիտասարդ մարզիկները, եթե մեծահասակների դեպքում կորոնավիրուսի պիկից հետո հնարավոր եղավ մի քանի մրցաշար կազմակերպել, ապա պատանի ու երիտասարդ մարզիկները գրեթե ամբողջ տարի մնացին առանց մրցումային փորձի:
Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի պատանեկան հավաքականի ավագ մարզիչ Արշակ Հայրապետյանը նշում է, որ այս դադարները պատանի մարզիկների մոտ հիասթափության պատճառ չեն դարձել:
Արդեն տարեմուտին հնարավոր եղավ Երևանում կազմակերպել Մարշալ Բաղրամյանի անվան հուշամրցաշարը, որի արդյունքներով կազմավորվեց Հայաստանի հավաքականը և ընդլայնված կազմով մեկնեց Ծաղկաձոր՝ ուսումնամարզական հավաքի:
Հավաքի ավարտից հետո Արշակ Հայրապետյանի թիմը՝ 19 մարզիկով, ուղևորվեց Մոսկվա՝ տեղում հավաք անցկացնելու և դեկտեմբերի 24-27-ը Սուրբ Ծննդյան մրցաշարի մասնակցելու:
Խոսելով հավաքականի ներուժի մասին՝ Հայրապետյանը նշեց, որ թիմը մեծ մասամբ համալրել են նոր ըմբիշներ, որոնց հետ դեռ տանելու շատ աշխատանք կա, սակայն կարևոր է այն փաստը, որ նրանք հաղթանակի և սովորելու մեծ ձգտում ունեն:
Հեղինակ՝ Արմեն Գարամյան