ՏԿԵ նախարարության Ջրային կոմիտեի համակարգմամբ՝ Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի միջոցով իրականացվող` Ոռոգման համակարգերի արդիականացման ծրագիրն ակտիվ փուլում է, և արդեն կան ավարտված աշխատանքներ՝ տեղեկացնում են հիմնադրամի լրատվական ծառայությունից:
Ծրագրի հիմնական բաղադրիչներից մեկը ենթադրում է մեխանիկական ոռոգման համակարգերը փոխարինել ինքնահոս համակարգերով։ Արարատի, Վայոց ձորի, Կոտայքի մարզերում վեց և Երևանում մեկ կառույցների աշխատանքներն արդեն ավարտվել են։ Արդյունքում՝ տարեկան կխնայվի շուրջ 5 միլիոն կիլովատ/ժամ էլեկտրաէներգիա։
Ծրագրի երկրորդ բաղադրիչով նախատեսված է կառուցել Կոտայքի մայր ջրանցքի գլխամասային թունելը շրջանցող ջրատարը և վերականգնել Արզնի-Շամիրամ մայր ջրանցքի առավել վթարային հատվածներ։ Նախատեսված ժամկետից շուտ ավարտվել են Կոտայքի մայր ջրանցքի գլխամասային թունելը շրջանցող ջրատարի աշխատանքները, իսկ Արզնի-Շամիրամ մայր ջրանցքի առավել վթարային հատվածների նորոգման աշխատանքները նախատեսված է ավարտել մինչև 2021 թ. ոռոգման շրջանի մեկնարկը։ Նույն բաղադրիչով նախատեսված է նաև վերականգնել 22 միջտնտեսային նշանակության ջրանցքների մոտ 56 կմ երկարությամբ հատվածներ։
Այսօր աշխատանքներն ակտիվ ընթացքի մեջ են` 4 ջրանցքների վերականգնման ուղղությամբ։
Երրորդ բաղադրիչով նախատեսվել է 100-ից ավելի բնակավայրերում վերականգնել շուրջ 258 կմ երկարությամբ ներտնտեսային նշանակության ջրանցքներ։ Աշխատանքները մեկնարկել են 44 բնակավայրերում, և մինչ օրս կառուցվել է 59 կիլոմետր երկարությամբ ներտնտեսային ցանց։ Աշխատանքներն ամբողջությամբ ավարտվել են Դվին, Նոր Ուղի, Զանգակատուն, Տեղեր, Կոշ և Թալին համայնքներում, իսկ Վանանդ, Երվանդաշատ, Նորավան, Նորապատ և Դաշտաքար համայնքներում աշխատանքները գտնվում են ավարտական փուլում։
Նշենք նաև, որ Ոռոգման համակարգերի արդիականացման ծրագրի ընդհանուր արժեքը 50 միլիոն դոլար է և իրականացվում է ՀՀ Կառավարության, Եվրասիական զարգացման բանկի միջոցներով և համայնքների համաֆինանսավորմամբ։
Ծրագրի հիմնական նպատակներն են՝ փոխարինել մեխանիկական ոռոգումն ինքնահոսով, վերականգնել մայր և միջտնտեսային ջրանցքների առավել վատթար վիճակում գտնվող ջրանցքների հատվածներ, վերականգնել և կառուցել ներտնտեսային ոռոգման համակարգեր, արդիականացնել և հզորացնել ջրօգտագործողների ընկերությունները:
Ոռոգման համակարգերի արդիականացման ծրագիրն իրականացվում է Արարատի, Արմավիրի, Վայոց ձորի, Կոտայքի, Արագածոտնի, Գեղարքունիքի և Սյունիքի մարզերում, ինչպես նաև՝ Երևանում։ Շահառուների թիվը գերազանցում է 115 հազարը: