Կառավարության նիստին վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ ամենահրատապ խնդիրը շարունակում է մնալ գերեվարվածների վերադարձի և անհետ կորածների գտնվելու վայրը և ճակատագիրը պարզելու գործընթացը:
«Կառավարությունը ամենօրյա ռեժիմով աշխատում է այդ ուղղությամբ, ուղղակի այստեղ կան հարցեր, որոնք անհամատեղելի են հրապարակայնության հետ: Այսինքն՝ որքան շատ հրապարակային լինի, այդքան ավելի կդժվարանա ու վնաս կտա գործին: Մենք ունենք ցավալի գործընթաց, որի մասին հրապարակային խոսելը ոչ թե վնասակար է, այլ ուղղակի շատ ծանր է: Բայց հարկ եմ համարում խոսել այդ մասին: Մենք ունենք մարմինների նույնականացման գործընթաց՝ ԴՆԹ թեստերով: Գործընթացն արագացնելու համար առողջապահության նախարարությունը ձեռք է բերել համապատասխան սարքավորման երկրորդ հոսքագիծը, որն արդեն ճանապարհին է: Սպասում ենք, որ առաջիկա օրերին կհասնի Հայաստան և կսկսի գործարկվել»,- ասաց վարչապետը:
Առողջապահության նախարար Թորոսյանն էլ նշեց, որ դա թույլ կտա կրկնապատկել ունեցած հզորությունը: Այս ամենին զուգահեռ՝ թողունակության մեծացման այլ գործընթացներ էլ են արվում:
«Դա պարզ գործընթաց չէ, շատ բարդ ու բազմակոմպոնենտային գործընթաց է, դրանով է պայմանավորված թվացյալ դանդաղությունը: Թվերով մենք շատ մեծ ծավալ ենք իրականացրել, մեր օրական մինչպատերազմյան թվերից մոտավորապես 10 անգամ ավելի հետազոտություններ են արվում»,- նշեց Թորոսյանը:
Վարչապետը հիշեցրեց, որ, ցավոք սրտի, նույնականացման սխալներ նույնպես տեղի են ունեցել, որոնք, ըստ Թորոսյանի՝ շտապելու, ոչ ԴՆԹ թեստի միջոցով նույնականացնելու հետևանք են:
«Եղել է վիզուալ նույնականացում, որից հետո ԴՆԹ-ն, այնուամենայնիվ, կատարելուց հետո պարզվել է, որ այդ վիզուալ նույնականացումն այդքան էլ ճիշտ չէր, դրանով է պայմանավորված եղել սխալը, ոչ թե բուն ԴՆԹ թեստի սխալով: Որովհետև եթե 100 տոկոսանոց համընկնում չենք ունենում, չենք ասում, որ նույնականացված է»,- հավելեց նախարարը: