Սյունիքի և առհասարակ Հայաստանի Հանրապետության՝ միջազգայնորեն ճանաչված տարածքից ոչ մի միլիմետր զիջման մասին խոսք չի եղել և չի կարող լինել. Կառավարության նիստի ժամանակ հայտարարեց Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Սյունիքում այս փուլում իրականացվող սահմանային կետերի տեղորոշմանը:
Նիկոլ Փաշինյան (ՀՀ վարչապետ) - Այդ աշխատանքներն ունեն որոշակի նրբություններ և դժվարություններ:
Բայց այս աշխատանքների իրականացումն ի շահ Սյունիքի և առհասարակ Հայաստանի անվտանգության է՝ հայտարարեց Փաշինյանը: Կանխատեսեց. հնարավոր է՝ տարբեր մեկնաբանություններ արվեն:
Նիկոլ Փաշինյան - Երկու բնակավայր ունենք, որոնց հետ կապված կարող են ծագել որոշակի հարցեր: Մեկը Սյունիքի մարզի Որոտան համայնքն է, երկրորդը Շուռնուխ բնակավայրը, որտեղ կան որոշակի սահմանային հարցեր, որոնց շուրջ ամենօրյա աշխատանք է տեղի ունենում, և այդ հարցերը կարող են որոշակի ցավոտ իրավիճակների բերել, բայց ես նաև ուզում եմ վստահեցնել, որ եթե մեր քաղաքացիների շահերի տեսանկյունից որոշակի հարցեր կառաջանան, կառավարությունը լիարժեք փոխհատուցումներով հանդես կգա:
«Այս փուլում տեղի է ունենում սահմանային որոշակի կետերի տեղորոշում, ինչի նպատակը անվտանգության գործուն համակարգ ստեղծելն է»,- ավելացրեց վարչապետն ու տեղեկացրեց, որ այդ հատվածի բնակիչների հետ նախապես քննարկվել է, թե ինչ է տեղի ունենում և ինչ նպատակով:
Նիկոլ Փաշինյան - Մենք ունենք նոր իրավիճակ, նոր իրադրություն, և էդ նոր իրադրությունը նոր, որոշակի էմոցիաներ է առաջացնում, բայց էլի եմ ասում՝ մենք պետք է մաքսիմալ հանդարտ այս փուլը հաղթահարենք, որպեսզի արձանագրենք անվտանգության այն նոր համակարգի լիարժեք գործունեությունը, որը մենք այսօր կառուցում ենք:
Օրենսդրական փոփոխությունների մասին, որոնք կքննարկվեն Ազգային ժողովի՝ առաջիկա արտահերթ նիստի ժամանակ: Նոր կարգավորումների համաձայն՝ պատերազմին մասնակցած անձին անհետ կորած համարելու համար մեկ տարի անհրաժեշտ չի լինի: Քաղաքացու գտնվելու վայրի մասին երեք ամիս տեղեկություն չունենալու դեպքում նրան կհամարեն անհետ կորած: Օրենքը նաև հետադարձ ուժ կունենա, որպեսզի այս պատերազմի մասնակից անհետ կորածների ընտանիքները կարողանան հատուցում ստանալ:
Ոստիկանությունը նախագիծ է մշակում պատերազմի մասնակիցների՝ պատերազմի օրերի վարչական իրավախախտումները չեղյալ հայտարարելու համար: Խոսքը սեպտեմբերի 27-ից մինչև դեկտեմբերի 27-ն ընկած ժամանակահատվածում կատարված ճանապարհատրանսպորտային խախտումներին է վերաբերում:
«Նման օրենք ընդունելու դեպքում կարող ենք բախվել տարբեր խնդիրների»,- կանխատեսեց վարչապետը:
Նիկոլ Փաշինյան - Ցավոք սրտի, մենք կբախվենք մի խնդրի հետ, միշտ էլ լինում են դեպքեր, երբ տվյալ արտոնության շահառու չհանդիսացող անձինք փորձում են օգտվել էդ արտոնությունից, հետևաբար շատ կարևոր է, որ կարողանանք շատ արագ ռազմական գործողությունների մասնակիցներին նույնականացնել և պաշտոնապես հաստատել, որպեսզի մենք չունենանք երկու իրավիճակ:
Այս նախագիծը դեռ մշակման փուլում է, բայց գործադիրն այսօր հաստատեց մեկ այլ՝ արցախցի նախադպրոցական տարիքի երեխաների՝ ամանորի միանվագ աջակցության ծրագիրը: 2015 թվականի հունվարի 1-ից հետո ծնված, Արցախի գրանցում ունեցող բոլոր երեխաները, անկախ նրանից՝ այս պահին Արցախում են բնակվում, թե Հայաստանում, յուրաքանչյուրը կստանան 20-հազարական դրամ:
Մեսրոպ Առաքելյան (ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար) - Նախատեսվում է տրամադրել մինչև Ամանորը՝ հաջորդ շաբաթվա ընթացքում, «Հայփոստի» և «Արցախփոստի» բաժանմունքներում՝ կախված գտնվելու վայրից: Ի դեպ, շնորհակալություն եմ հայտնում մեր նախարարության աշխատակիցներին, որովհետև միջոցառումն իրականացվում է պարգևավճարների ամբողջ ֆոնդով:
Ի՞նչ միջոցառումներ է իրականացրել Հայաստանի Կառավարությունն Արցախի բնականոն կյանքը վերականգնելու համար. վարչապետը թվերով ներկայացրեց ու հիշեցրեց՝ սա ճանապարհային քարտեզի մի մասն է:
Նիկոլ Փաշինյան - Առաջինը՝ Արցախի քաղաքացիների աջակցության ծրագիրը, որից օգտվում է շուրջ 87 հազար շահառու, և Կառավարությունն այս նպատակով հատկացրել է 6.4 մլրդ դրամ: Հաջորդ միջոցառումն Արցախի վերահսկողությունից դուրս գտնվող համայնքների բնակիչների աջակցության ծրագիրը՝ 600 մլն դրամ, Արցախում կենսաթոշակները և նպաստները վճարելու նպատակով Արցախի կառավարությանը գումար հատկացնելու մասին որոշում ենք կայացրել, Արցախում պետական աշխատողների դեկտեմբեր ամսվա աշխատավարձերը վճարելու նպատակով Արցախի կառավարությանը՝ գումարի հատկացում:
Եվ գործադիրի այսօրվա հաստատած նախագծով՝ շտապօգնության 5 ավտոմեքենա Հայաստանից Արցախին: