Նորածինների բանակը հաղթեց տխրությանը: Պատերազմից առաջ ու հետո բուժկենտրոնում բեյբիբում է: Ծնվեց նաև շուշեցի Լևոնը: Ռումբերի պայթյունից հետո ու ամանորից առաջ մի բուռ երջանկություն՝ նորածինների ընտանիքներին:
Մարիաննա Դադամյան - Ուզում եմ կոչ անել մեր բոլոր կանանց, որ չընկճվեն մայրերը, շարունակեն կատարել իրենց առաքելությունը, շարունակեն մայրանալ: Ամեն մի զինվորի, զոհի փոխարեն պետք է նոր ծնունդ լինի:
Առաջին որդին ծնվեց ապրիլյան պատերազմի օրերին: Շուշիում տուն գնեցին, ապագան տեսնում էին բերդաքաղաքում: Տունը կերպարվեստի թանգարանի մոտ էր: Հուսով է՝ Շուշիի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցում աղոթքը գուցե մի օր նրանց կրկին Արցախ վերադարձնի:
Մարիաննա Դադամյան - Շատ էի սիրում, մտածում էի, իմ ապագան այնտեղ էի միայն պատկերացնում: Նույնիկս այդ ճանապարհը շատ հաճելի էր, գնալ-գալը, օդը, կապված էինք:
Լևոնը «Շենգավիթ» կենտրոնում ծնված 40-րդ արցախցին է: Բեյբիբում է ոչ միայն արցախցիների ընտանիքներում: Ժամեր առաջ ծնված երեխաների առաջին հանդիպումն է մայրերի հետ:
Աշոտ Սիրունյան, «Շենգավիթ» ԲԿ մանկաբարձագինեկոլոգիական ծառայության ղեկավար - Մեր ավանդույթները չենք խախտում, ամեն տարի միշտ շնորհավորել ենք մայրերին նոր տարվա կապակցությամբ: Ուզում ենք շնորհավորել, քանի որ խաղաղություն է պետք, ուզում ենք պարգևել մի բուռ երջանկություն:
Սպիտակ բանակը մի կողմից պայքարում էր օր-օրի աճող կորոնադեպքերի դեմ ու վիրավոր զինվորների փրկության համար, մյուս կողմից՝ ծնունդներ ընդունում, որոնց թիվն այս տարի ավելի է 500-ով:
Մի բուռ երջանկություն գրկած մայրերի միակ ցանկությունն ու փոքրերի նվերը կարող է լինել բոլորի երազած խաղաղությունը: