ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ամփոփեց ռազմական գործողություններից հետո Արցախի բնականոն կյանքի վերականգնման համար իրականացված միջոցառումները:
«Առաջինը՝ Արցախում հաշվառված քաղաքացիների աջակցության ծրագիրը, որից օգտվում է շուրջ 87 հազար շահառու, և կառավարությունն այս նպատակով հատկացրել է 6.4 միլիարդ դրամ: Հաջորդ միջոցառումը Արցախի վերահսկողությունից դուրս գտնվող համայնքների բնակիչների աջակցության ծրագիրն է: Այստեղ մենք ունենք 2000 շահառու: Կառավարությունը հատկացրել է մոտ 600 միլիոն դրամ: Արցախում դեկտեմբեր ամսվա կենսաթոշակները և նպաստները վճարելու նպատակով Արցախի կառավարությանը գումար հատկացնելու մասին որոշում ենք կայացրել, որի շրջանակներում հատկացվել է շուրջ 940 միլիոն դրամ:
Արցախում պետական աշխատողների դեկտեմբերի աշխատավարձերը վճարելու նպատակով Արցախի կառավարությանը հատկացրել ենք մոտ 3.1 միլիարդ դրամ: Արցախի բնակչության վերջին երեք ամսվա կոմունալ վճարումների նպատակով հատկացրել ենք շուրջ մեկ միլիարդ դրամ»,- ասաց վարչապետը: Նրա խոսքով՝ բացի այդ ծրագրերից, որոնք իր հրապարակած ճանապարհային քարտեզի շրջանակում են, Կառավարությունը հաստատել է ևս 8 միջոցառում:
Փաշինյանի խոսքով՝ ծրագրերն ընթացքի մեջ են, և առաջիկայում կներկայացվեն դրանց իրականացման վերաբերյալ հաշվետվությունները: